«Իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետևաբար` արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ հունվարի 11-ին Մոսկվա կատարած այցի օրակարգի վերաբերյալ նախապես եղել է հայտարարություն, այդ թվում՝ ճանապարհներն ապաշրջափակելու վերաբերյալ, ինչը և տեղի է ունեցել։

«Տեղյակ եք, որ 4 ժամ տևած բանակցությունների ժամանակ 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին, արդեն նշվել է, որ դա առաջնային հարց է, և բոլոր ջանքերը, հնարավոր բոլոր հարթակներով պետք է գործադրվեն՝ հումանիտար հարցը լուծելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հիշեցրեց գերիների վերադարձի առաջնահերթության հետ կապված հարցը։

«Հունվարի 11-ին հայտարարությունը, որը ստորագրվեց Մոսկվայում, որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող նպատակների հետ, այսինքն՝ դրանք մեկը մյուսի հետ չպետք է կապել։ Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար քայլերը, որոնք պահաջում են գերիների ամբողջական վերադարձ՝ այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքեր։ Այդ հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ արտացոլված են ՀՀ շահերը»,- հավելեց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցին, Լիլիթ Մակունցն ասաց, որ որպես ԱԺ պատգամավոր՝ իր առաջնահերթ խնդիրներից է նաև ՀՀ սահմանադրության պաշտպանումը և քաղաքացու կամարտահայտման հնարավորության ապահովումը։

«Մենք այս ամենի հետ կապված առաջարկել ենք այն ուղին, որը պատկերացնում ենք, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմությունն իր վերջնական տեսակետը կձևավորի, մնացյալն արդեն ժամանակը ցույց կտա։ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետևաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա»,- շեշտեց Լ. Մակունցը։

Հաջորդ հարցին՝ որևէ կաշկանդվածություն ունե՞ն փոխելու Նիկոլ Փաշինյանին մեկ այլ անձով, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ կոռեկտ չի համարում այդ հարցին անդրադառնալու։

Տեսանյութեր

Լրահոս