Հարավային Կորեայի բոլոր քաղաքացիները կկարողանան անվճար պատվաստում ստանալ COVID-19-ի դեմ
Կորեայի Հանրապետության կառավարությունը փուլ առ փուլ երկրի բոլոր քաղաքացիներին COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութեր կտրամադրի. պատվաստումը մեկնարկում է փետրվարին: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը:
«Կառավարությունը հոգ կտանի այն մասին, որպեսզի բոլոր մարդիկ անվճար պատվաստում ստանան գերակայություններին համապատասխան»,- Yonhap գործակալությունը մեջբերում է Մուն Չժե Ինի՝ ազգին հղած ամանորյա ուղերձը:
Հարավային Կորեայի նախագահը հավելել է, որ 2021 թվականը երկրի համար կդառնա կորոնավիրուսի ճգնաժամից «ապաքինման» տարի: Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի վարչապետ Չոն Սե Գյունը լրագրողներին հայտնել է, որ Սեուլը Pfizer եւ Janssen ընկերությունների հետ համաձայնագիր է կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման շուրջ:
Համաձայնագրին համապատասխան, Pfizer-ը պատրաստուկ կմատակարարի 10 մլն մարդու, իսկ Janssen-ը՝ 6 միլիոն մարդու պատվաստելու համար:
Ավելի ուշ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հաղորդել է, որ Moderna ընկերությունը 20 մլն մարդու համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժիններ կմատակարարի երկիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: