«Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի ու Արցախի միջև չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը գրավոր իր համաձայնությունն է տվել, որպեսզի Հայաստանն իր անունից որևէ փաստաթուղթ ստորագրի». Վահրամ Բալայան

Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Հայաստանի ու Արցախի միջև գրավոր որևէ փաստաթուղթ կա՞, որով Հայաստանը լիազորվել է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտնի կապիտուլյացիոն փաստաթուղթը՝ ասաց․ «Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի ու Արցախի միջև չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը գրավոր իր համաձայնությունն է տվել, որպեսզի Հայաստանն իր անունից որևէ փաստաթուղթ ստորագրի»։

«Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավասու չէ որևէ փաստաթուղթ ստորագրել կամ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու՝ որևէ գործողություն անի։ Բայց, ինչպես տեսաք, հակառակը կատարեց, և այն վիճակը, որի մեջ մենք հայտնվեցինք՝ բոլորդ էլ տեսնում եք։ Նման իրավիճակում է հայտնվել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, և, ինչպես ասում են, չենք կարողանում մեր մեջքը շտկել, գոնե գլուխներս բարձրացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք, որ օրերս 168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանն ասել էր, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթն առոչինչ է, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրած անձն ընդհանրապես լիազորված ու իրավասու չէր նման փաստաթուղթ ստորագրելու։

«Նաև բազմիցս նշվել է, որ նա չի ներկայացնում Արցախի ժողովրդին և նրա կամքը։ Ավելին, թեև չճանաչված լինելու պայմաններում՝ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո պետականություն է, և որևէ մեկը չէր լիազորել, որպեսզի Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը ստորագրվեր»,- ասել էր Արմեն Մարուքյանը։

Հարցին՝ այսօր Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Չեմ ուզում կոպիտ հնչի, բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, այսինքն՝ նման տպավորություն եմ ես ստանում։

Երբ նայում եմ տեղեկատվական դաշտը, սահմանամերձ շրջանների մարդկանց վիճակը, այդ թվում՝ Սյունիքում, իսկապես ողբերգական վիճակ է, և այդ մարդկանց հոգսը պետք է հոգալ։ Շատ կցանկանայինք, որ Հայաստանը լիներ Արցախի անվտանգության երաշխավորը, բայց իրականությունն այլ է, և, ցավոք, այդպես չէ։ Այն բոլոր հույսերը, որոնք կապում էինք մեր անվտանգության ռեժիմի հետ, և թվում էր, թե մենք երկու ոտքի վրա պինդ կանգնած ենք, և Հայաստանին ու Արցախին որևէ ուժ չի կարող սասանել, ցավոք, այլ բան տեսանք»։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, Վահրամ Բալայանի կարծիքով՝ անհրաժեշտ է իրականացնել մի շարք քայլեր, և առաջին հերթին՝ ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա երկիրը ղեկավարել։

Նրա բնորոշմամբ՝ այս դեպքում պետք է պատկերացնել, որ երկիրը մեքենա է, իսկ վարորդը՝ ղեկավարը, որը պետք է կարողանա այն վարել։

«Այդ դեպքում ես Արցախի մասին չեմ խոսում, բոլորդ էլ տեսաք, թե Արցախի հետ ինչ կատարվեց, պետք է փրկել գոնե Հայաստանը, քանի որ Հայաստանն այն մերանն է, որի շուրջ հավաքվում է հայությունը։ Հայաստանը պետք է կարողանա հայությանն իր շուրջը համախմբել, որի համար հարկավոր է հմուտ ղեկավար, որը կկարողանա աշխարհի բոլոր երկրների հետ խոսել, քննարկել ու բանակցել։ Պետություն պահելն ամեն մարդու բան չէ, ամեն քաղաքական ուժի բան չէ, պատահական ուժերի չպետք է բերել իշխանության և ժողովրդի անունից խոսելով՝ ժողովրդի հերն անիծել։ Վերջիվերջո, 30 տարիների ընթացքում այդ ժողովուրդն արյուն ու քրտինք է թափել, որպեսզի այդ ամենն ունենա։ Անհնարին բան է, որ որևէ պարտված ղեկավար կարողանա երկիրն առաջ տանել, անկախ նրանից, թե ով է այդ ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն է, թե՝ մեկ ուրիշը։ Ի վերջո, այդ մարդիկ պետք է հասկանան, որ սա է ճանապարհը։ Չի կարելի այսպես երկիրը բերել ու կանգնեցնել անդունդի եզրին»,- շեշտեց Վ. Բալայանը։

Նա նաև ընդգծեց, որ իրավիճակից դուրս գալու համար պետք է ամրապնդել դաշնակիցների հետ հարաբերությունները, բանակցել ու այդ հարաբերությունները ամրապնդել այն երկրների հետ, որոնք ի վիճակի են հարցեր լուծելու և տարածաշրջանում ունեն որոշակի շահեր։ Առանց դաշնակիցների հետ համագործակցելու, դժվար է որոշակի հարցեր լուծել։

Ըստ Վահրամ Բալայանի, այս ծանր իրավիճակից դուրս գալու համար կարևոր է նաև ունենալ համերաշխ հասարակություն, և այն թշնամանքի մթնոլորտը, որը կա հասարակության մեջ, Հայաստանի ներքին կյանքում, պարզապես կործանարար է։

«Երկիրը կործանելու լավագույն ձևը երկիրը սևերի ու սպիտակների բաժանելու մեջ է, որն այս իշխանությունը փայլուն ձևով իրականացրեց։ Այսինքն՝ սա ամեն ինչի վերջն է, մենք թվաքանակով փոքր ժողովուրդ ենք, փոքր տարածքով, և այս պարագայում չպահպանելը մեզ համար կործանարար է։ Դրա վկայությունն է Արցախի մեր առաջին պատերազմը, երբ չունեինք ոչինչ, սակայն ժողովուրդը ձեռք ձեռքի տվեց ու հաղթանակ կերտեց։ Բայց այսօր ի՞նչ է կատարվում, տեսեք մարդկանց թշնամական վերաբերմունքը միմյանց հանդեպ՝ թշնամական, արհամարհական։ Եթե մենք այս քայլերն իրականացնենք, կարծում եմ՝ հնարավորություն կունենանք նորից ոտքի կանգնել։ Ինքս այդքան էլ հուսալքված չեմ, քանի որ մենք նման դժվարություններ նախկինում ունեցել ենք, մեր ժողովուրդն այդ դժվարություններով անցել է ու հաղթահարել, սակայն խնդիրն այն է, որ պետք է ճիշտ ուղու վրա կանգնենք, շարունակենք ապրել, գործել»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Տեսանյութեր

Լրահոս