Պատերազմում անհետ կորածի հորը սպառնում է 5-10 տարվա ազատազրկում մեքենայով ՊՆ-ի դարպասներին հարվածելու համար. aysor.am
Հրանտ Վարդանյանի եղբոր որդին պատերազմում անհետ կորել է: Մի քանի ամիս է՝ լուր չունեն: Նա Aysor.am-ին պատմեց, որ հոկտեմբերի 2-ից զարմիկի հետ կապ չկա: ՊՆ-ից ասել են, որ խնդրով զբաղվում են:
«Հոկտեմբերի 5-ին անունը զոհերի ցուցակում էին ներառել: Գնացել ենք ՊՆ, ասել են՝ «մեզ անուն են տվել, գրել ենք, մենք կոնկրետ մեր աչքով չենք տեսել՝ մահացել ա»: Ռեալ բան չեն ասում: Մենք կասկածի տակ ենք դնում երեխայի մահվան հանգամանքը», – ասաց Հրանտը:
Որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, Հրանտի եղբայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Նրան ձերբակալել են: Գործը 3 հոդվածով է անցնում: Սպառնում է 5-10 տարով ազատազրկում:
«Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչո՞ւ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան: Ամեն ծնող մի ձև է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք ա մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ, էս հասցեով գնա, էն հասցեով գնա, նկար տար, չգիտեմ՝ ինչ տար…», – ասաց անհետ կորածի հարազատը: