ԱՄՆ-ը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում: Այդ մասին հետեւում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայք Փոմպեոյի հայտարարությունից:
«Պետական դեպարտամենտը Կուբան ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում է ներառել միջազգային ահաբեկչությանը քանիցս ցուցաբերած աջակցության եւ ահաբեկիչներին ապաստան տրամադրելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Փոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն «ամենասկզբից կենտրոնացած է եղել ռեժիմին ռեսուրսների տրամադրումը մերժելու վրա, որոնք նա օգտագործում է իր ժողովրդին հարստահարելու եւ Վենեսուելայում նրա չարամիտ միջամտությանը հակազդելու համար»: «Այդ գործողություններով մենք կրկին պատասխանատվության ենք ենթարկում Կուբային եւ հստակ ազդակ տալիս նրան. ռեժիմը պետք է դադարեցնի աջակցել միջազգային ահաբեկչությանը եւ վնասել ԱՄՆ-ի արդարադատությանը»,-հավելել է պետքարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: