Գորիս-համայնքներ ճանապարհի 68 կմ-ից 21-ը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ Սյունիքի մարզի ճանապարհային տարբեր հատվածներում, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, ադրբեջանցի զինվորականները ցուցանակներ են տեղադրում, կամ նման այլ գործողություններ՝ բացահայտ սադրանքների ձևով:

«Ճանապարհի տարբեր հատվածներ, այսպես ասած, ադրբեջանական վերահսկողության ներքո են, և ադրբեջանական դրոշներ, ցուցանակներ են այնտեղ տեղադրված: Ընդ որում, օրինակ, եթե վերցնում ենք կոնկրետ տվյալներով, Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան և մյուս մեր համայնքները տանող այդ ճանապարհը, 68 կմ-ոց հատվածից 21-ը, այս պահի հաշվարկով, գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո:

Բայց մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինվորները  այդ ցուցանակների տեղադրումը, դրանց հետ կապված գործողությունները անում են բացահայտ սադրանքների ձևով: Դրանից բացի, նրանք պարբերաբար, ինչպես մեզ վկայում են նաև բնակիչները, հայտնվում են զենքով: Կարող են հայտնվել, օրինակ, զենքի բացահայտ ցուցադրմամբ այդ ճանապարհների վրա, կանգնել ու, ասենք, չգիտեմ, դիտարկում իրականացնել: Եվ դրանք մեր խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակավայրերը իրար կապող ճանապարհներ են»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ սա ևս մեխանիկական ճանապարհով սահմանազատման գործընթաց իրականացնելու հետևանք է:

ՄԻՊ-ն անդրադարձավ նաև Գորիսից դեպի Որոտան տանող ճանապարհահատվածում տեղադրված ցուցանակին, նշեց, որ այդ ցուցանակի քարտեզի վրա «Բարի գալուստ, Ադրբեջան» գրվածքից բացի, ակնառու է այն փաստը, որ քարտեզում հատուկ նպատակով ՀՀ տարածքի մասեր ներկայացված են՝ որպես Ադրբեջանի մաս: Նման խնդիր ունի, ըստ ՄԻՊ-ի, նաև Շուռնուխ գյուղի ցուցանակը, որը տեղադրված է այն ճանապարհի վրա, որով գյուղը երկու մասի է բաժանված: Մի կողմում հայ բնակիչներն են, մյուսում՝ ադրբեջանական զինվորականները:

ՄԻՊ փոխանցմամբ՝ սպառնալիքի տակ են նաև Կապանի խաղաղ բնակավայրերը, Կապանն ու այլ խաղաղ բնակավայրերը իրար կապող ճանապարհները, որտեղ ևս կան ադրբեջանական դրոշներ ու զինված անձինք: Նման խնդիր կա նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս