Բաժիններ՝

«Թոշակ, աշխատավարձ վճարելու խնդիր չունենք». Ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկմանը, թե պատերազմում բազմաթիվ գումարներ են մսխվել, օգտագործվել են աննպատակ ու անարդյունավետ։

«Ես չեմ կարող պատասխանել հարցին, թե պատերազմի ժամանակ որքան գումար են կորցրել՝ ներդրումների, ՀԷԿ-ի և այլնի կորստից հետո։ Ես պատասխանատու եմ հարկային ու մաքսային քաղաքականության մշակման և իրականացման համար, հետևաբար, եթե խոսելու ենք այդ շրջանակից դուրս հարցերի մասին, առաջարկում եմ պարզապես ժամանակ չծախսենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստան համահայկական հիմնադրամից վերցրած շուրջ 53 մլրդ դրամին, Ֆինանսների փոխնախարարն ասաց, թե լրացուցիչ որևէ բան չի կարող ասել, քանի որ գումարի ծախսերի վերաբերյալ Ֆինանսների նախարարությունն արդեն մեկնաբանություն տվել է։

«Եղել է Ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարությունը, սրանով չենք սահմանափակվի, կլինի նաև պետական բյուջեի կատարման մանրամասն հաշվետվություն, որտեղ կտեսնենք բոլոր հնարավոր հարցերի ձեր պատասխանները»,- շեշտեց նա։

Արման Պողոսյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը ֆինանսական կրիզիս չի ունեցել։

«Ֆինանսական խնդիրները դուք ներկայացնում եք՝ որպես կենսաթոշակների և աշխատավարձերի վճարում, մինչդեռ այդպես չէ։ Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ միասնական բյուջետային գործընթացի առաջնահերթությունների, գերակայությունների շրջանակներում այդ միջոցների տնօրինում է իրականացվել, և դուք հարցն այլ կերպ եք ներկայացնում։ Թոշակ, աշխատավարձ վճարելու խնդիր չունենք։

Ի ուրախություն մեզ՝ ասեմ, որ մենք տարին ավարտել ենք բավականին բարձր ու տպավորիչ  հարկային կարգապահությամբ։ Եվ ստեղծված տնտեսական իրավիճակին համապատասխան՝ նաև հավաքագրումների բավականին լավ մակարդակով»,- հավելեց Արման Պողոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս