«Դրա հիմնական պատճառը հենց «Իմ քայլը» կոչվող մեծամասնությունն է»․ Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը ծաղրում ու պիտակավորում են «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկող պատգամավորներին, սակայն, իմ կարծիքով, եթե սա տեղի ունենար, օրինակ, մեկ տարի առաջ, հնարավոր է` ստացվեր խորհրդարանում քաղաքական գործընթացներ գեներացնել և այսօր նման ամորֆ մարմին չէինք ունենա։

Անկարելի բան է, որ նման գլոբալ ցնցում լինի երկրում և խորհրդարանը չկարողանա գործադիրից որևէ բացատրություն ստանալ, չկարողանա ստերագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ լսումներ կազմակերպել, անկարողության աննախադեպ դրսևորում է սա և դրա հիմնական պատճառը հենց «Իմ քայլը» կոչվող մեծամասնությունն է։

Այդ լուռ ու գործադիրի որոշումները դատկող մեծամասնությունը պետք է փլուզվի, թեև այդ ցանկում քիչ են մարդիկ, որոնք ունեցել են քաղաքական կենսագրություն և ԱԺ-ում հայտնվելու համար պարտական են Նիկոլ Փաշինյանին, բայց ամեն դեպքում զուտ օրենսդրորեն ունեն անհատական պատասխանատվության չափաբաժին այս ամենում, ու թեկուզ ուշացումով, բայց պետք է գիտակցեն դա։

Շատ հեշտ է մեկի վրա բարդելը ողջ պատասխանատվությունն ու միատարր, ամորֆ զանգված ձևանալը։

Եվ ընդհանրապես, դադարե՛ք մարդկանց ծաղրելն ու պիտակավորելը, դա շատ վատ պրակտիկա է, հակամարդկային»։

Տեսանյութեր

Լրահոս