Գերիների և անհետ կորածների արյան առուվաճառք է տեղի ունենալու՝ հանուն իշխանության. Արա Վարդանյան
2020 թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտից հետո հունվարի 11-ին սպասվում է Փաշինանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ տելեգրամյան ալիքների հրապարակած տեղեկությունների, որոնք հայկական կողմը պաշտոնապես չի հերքել, հանդիպումը կայանալու է Մոսկվայում, որտեղ Փաշինյանին պարտադրվելու են մի շարք նոր զիջումներ, իսկ ավելի վաղ բանավոր պայմանավորվածությամբ ձեռք բերված զիջումներն էլ պետք է փաստաթղթավորվեն։
Նիկոլ Փաշինյանը տարածվող այս տեղեկությունների վերաբերյալ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով մոսկովյան հանդիպմանն ու դրա՝ չբացահայտվող օրակարգին, հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը նկատեց, որ դատելով Նիկոլ Փաշինյանի արած գրառումից, կարող ենք վստահաբար պնդել.
«Տեղի է ունենալու գերիների և անհետ կորածների արյան առուվաճառք՝ հանուն իշխանության։ Փաշինյանը գնում է արյան առուվաճառքի։ Փաշինյանն օգտագործում է բոլոր տեխնոլոգիաները և մեթոդները՝ իշխանության մնալու համար, որովհետև լավ գիտի՝ որ օրը իշխանությունից հեռացավ, ինքն ու իր ընտանիքը հայտնվելու են ճաղերի հետևում»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Փաշինյանը քաջ գիտակցում է նաև, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը՝ բացառությամբ պետական համակարգի աջակցության։
«Ցավոք, այս պայմաններում անգամ Ազգային անվտանգության ծառայությունը, Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը շարունակում են ծառայել Նիկոլ Փաշինյանին։ Իրավաբանները Գլխավոր դատախազին են ներկայացրել հիմքեր Փաշինյանին կալանավորելու համար. չէ՞ որ Փաշինյանն իրավունք չուներ Հայաստանի սահմաններից տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Գլխավոր դատախազը որևէ բան չի ձեռնարկել, հետևաբար՝ դատախազին պետք է ասեմ՝ կա՛մ դու կկալանավորես, կա՛մ դու կկալանավորվես»,- ասաց Արա Վարդանանը։
Ըստ նրա՝ եթե Փաշինյանը համարձակվի ժողովրդի թիկունքում ևս մեկ պարտվողական փաստաթուղթ ստորագրել, ինչն արդեն մեկ անգամ արել է, ապա կասկածում է, որ նա կկարողանա վերադառնալ Մոսկվայից։
«Եթե Մոսկվայում նա փորձի համաձայնել նոր զիջումների, կասկածում եմ, որ Փաշինյանը կկարողանա վերադառնալ Հայաստան»,- ասաց Վարդանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում