«Սաղ Հայաստանով մեկ էնպիսի գյուղ չկա՝ սև լենտ չլինի՝ 18 տարեկանից սկսած». Ժամկետային զինծառայողի ծնող

Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի առջև՝ պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ:

Զինծառայողներից մեկի ծնողը՝ Արթիկից Արթուր Ղարամյանը, տեղեկացրեց, որ ամսի 28-ին երեխաներին բերել են հավաքակայան, որպեսզի տեղավորեն ՀՀ զորամասերում.

«Դիմել ենք ՊՆ՝ հարցերով, ոչ մի հարցի դրական պատասխան չենք տեսել, ուզեցինք երեխաների համար բժշկական հետազոտությունների հանձնաժողով ստեղծել, հարցը տվեցինք՝  մնաց անպատասխան:  Հիմա հարց է՝ մեր երեխաները 44 օր կռիվ տեսան, ու այսօր գալիս են այստեղ, սև շորեր հագածները՝ զինվորական ոստիկանները, գալիս ու ազդում են երեխաների վրա: Ի՞նչ է նշանակում՝ ձեզ կդատեն, ձեզ կտանեն ԿԳԲ-ի պադվալ. մինչև այս երեխաներին դատելը, ԿԳԲ-ի պադվալ տանելը, թող այն մարդկանց տանեն ԿԳԲ-ի պադվալ, ովքեր այս ԱԹՍ-ների փողերը կերան, ու երեխեքին թողեցին մի ավտոմատ, 4 հատ մագազին, երկու զանգուլակի»:

Արթուր Ղարամյանը նշում է, որ ակնկալում են իրավասու որևէ մարմնից որևէ պատասխան, թե ինչ պետք է լինի այս երեխաների վիճակը. «Երեխաների մեջ այսօր այն հոգեկան ապրումներն են, որ երեխաները դարձել են անկառավարելի:

Երեկ եղել ենք կառավարության շենքում: Նաիրին եկավ: Նաիրի Սարգսյանին հարցերը տվեցինք, Նաիրի Սարգսյանն էլ անգամ չգիտեր՝ ինչ պատասխաներ:

Այսօրվա օրը Նիկոլը պետք է գնա Մոսկվա, հարցեր կա, ինքը չի կարող մեզ ընդունել, ես էլ իրեն ասեցի՝ դե, որ Նիկոլը մեզ չի կարող ընդունել,  խնդրում ենք բոլոր ծնողների անունից՝ թող մինչև ամսի 11-ը՝ Փաշինյանը հետ կգա Մոսկվայից, նոր երեխաներին տեղաշարժեն, բայց այսօր իմացանք, որ գիշերը 22 երեխայի զոռով նստացրել են ավտոները, տարել են:

Կոտրված երկիր ենք, վերջը մեր երեխաների վիճակի համար ո՞վ պետք է պատասխան տա, եթե երեխաներին տանում են Արցախ, ուրեմն, ով որ երաշխավոր կկանգնի, իր կյանքի գնով պետք է կանգնի: Կյանքը՝ կյանքի դիմաց, վերջ: Թող գան մեզ պատասխան տան. էս ծնողները մեղք են՝ ոչ քուն ունեն, ոչ դադար. մի հատ դրական բան ասող չկա:

Վարչապետն է զբաղված՝ խնդիր չկա, ԱԺ նախագահ ունենք, Ավինյան ունենք, փոխվարչապետ ունենք»:

«Երեկ Նաիրիին ասում եմ՝ մենք կոտրված երկիր ենք, ինձ ասում է՝ հնարավոր չէ, դե հնարավոր չէ՝  ռայոնով ֆռանք, սաղ Հայաստանով մեկ էնպիսի գյուղ չկա՝ սև լենտ չլինի՝ 18 տարեկանից սկսած»,- եզրափակեց զինծառայողի ծնողը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս