Օնիկ Գասպարյանի հերթական քննությունը․ հանուն Փաշինյանի՞, թե՞ պետության և բանակի

«Հայրենիքի փրկության շարժումը» երեկ տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով նա դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին և նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ՝ պարզաբանումներ տալու Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք և այնտեղ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ։

«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը»,- նշվում է հայտարարության մեջ:

Այսօր արդեն կեսօրին hraparak.am-գրեց, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտպանության նախարարին։ Նրանց ավտոմեքենաները տեսել են Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։

Ըստ էության, Օնիկ Գասպարյանը հերթական անգամ քննության առաջ է կանգնած՝ կհանձնի՞, թե՞… կամ՝ ո՞ւմ կողմից «գերազանց» կստանա և հանուն ո՞ւմ կհանձնի այդ քննությունը՝ Փաշինյանի՞, թե՞ պետության և բանակի, որի կայացման համար ինքն իր լուրջ ներդրումն ունի:  Արդյո՞ք գեներալը կփորձի հետ պահել Նիկոլ Փաշինյանին մոսկովյան վտանգավոր այցից և կմերժի՞ «արդարացնել» նրա գործարքները՝  ի վնաս երկրի անվտանգության:

Ի վերջո, բանակին ներքաղաքական գործընթացներին խառնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկները մի քանի անգամ կտրուկ մերժել է:

Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ հանդիպմանը և  պարզաբանումներ տալուն, ապա այստեղ, ըստ էության, սահմանադրական խախտում չկա, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պիտի պահպանեն  չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո լինեն:

Երկրորդ՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն արդեն  հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ, որի ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Երրորդ՝ Փաշինյանի սրտով գործելը, ըստ էության, ինչ-որ առումով  քաղաքական չեզոքության  խախտում է:

Ի վերջո, Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Այստեղ հիշեցնենք, որ Փաշինյանը պատերազմի օրերին անտեսել է ԳՇ պետի ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը, պատերազմի 4-րդ օրը հայկական ռեսուրսների հետ կապված գնահատականը և զգուշացումը, որ   «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ», ինչի պատճառով ունենք այն, ինչ ունենք, ինչի պատճառով ծանր է դարձել ԳՇ աշխատանքը՝ որպես ՀՀ ԶՈւ զինվորական կառավարման կենտրոնական մարմին, որն անմիջականորեն պատասխանատու է զինված ուժերի գործառույթների իրականացման համար:

Այսինքն, նաև այս պատճառով պիտի ընդառաջ չգնալ Նիկոլ Փաշինյանին, հատկապես, երբ նա իր գործողություններով հենց այդպես էլ ներկայանում է՝ Նիկոլ Փաշինյան, լրագրող, հոդվածագիր, բայց ոչ՝  Գերագույն գլխավոր հրամանատար և պետության ղեկավար: Իսկ դուք  մի դադարեք լինել ԳՇ պետ, գեներալ Օնիկ Գասպարյան…

Հ.Գ. Նշենք, որ 168.am-ը դիմել է ԳՇ-ին՝ պարզելու՝ արդյո՞ք ԳՇ պետն ընդունելու է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջարկը:

Տեսանյութեր

Լրահոս