«Բացի ֆեյսբուքյան՝ հիմնականում ֆեյք հարձակումներից, որևէ անգամ զրույց չի եղել». Սոֆյա Հովսեփյան

Մեդիապորտ տելեգրամյան ալիքը քիչ առաջ տեղեկություն էր տարածել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։

«Նշենք, որ երեկ կեսգիշերին, երբ Հովսեփյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլից», իշխանական ֆեյքերն ու պատգամավորները վիրտուալ հարձակում սկսեցին նրա դեմ, իսկ հասարակության ստվար զանգվածը Սոֆյա Հովսեփյանին աջակցող հայտարարություններով հանդես եկավ»,- հաղորդել էր տելեգրամյան ալիքը:

Մեր խնդրանքով անդրադառնալով այս տեղեկությանը՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց. «Ես Մեծ Մանթաշում չեմ, տեղեկություն չունեմ»:

Արդյո՞ք եղել են իր հանդեպ անձնական ճնշման փորձեր՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ հավելեց.  «Որևէ բան չի եղել. բացի ֆեյսբուքյան՝ հիմնականում ֆեյք հարձակումներից, որևէ անգամ զրույց չի եղել, իսկ ընտանիքիս անդամները, խոսել եմ իրենց հետ (ոչ թե այդ տեղեկությունից հետո, այլ՝ առհասարակ), ոչ մի նման բան:

Անկեղծ ասած, անգամ իրենք չէին էլ իմացել, որ ես խմբակցությունից դուրս եմ եկել:  Բավականին ուշ եմ հրապարակել, և ո՛չ հայրս, ո՛չ մայրս չկան Ֆեյսբուքում. իրենք չէին էլ իմացել, ես եմ տեղեկացրել»:

Տեսանյութեր

Լրահոս