«Սա ամբողջ սցենարի մի հատվածն էր. նախ կատարվեց բարոյալքում բանակում, մյուս ասպարեզներում, որպեսզի կանխամտածված ծրագիրը իրականացվեր». մշակութաբան
Մշակույթի մի խումբ գործիչներ՝ անհանգստանալով Հայաստանի ապագայով, «Ձայն հայրենյաց» շարժում են նախաձեռնել:
Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի բնորոշմամբ՝ սա պայքար է Հայրենիքի, հայ մշակույթի համար:
«Կարծում եմ՝ սա տեսակի, ինքնության պատերազմ է, և կողմ քաշվել, չմասնակցել այս իրադարձություններին՝ առնվազն դավաճանություն է, էլ չեմ ասում վերջին իրադարձությունը, որ մեզ համար անակնկալ էր, երբ երկրիս վարչապետն իր լկտի խմբով մեզ 44 օր շարունակ համոզում, ապացուցում, նաև ոգևորում էր այն փաստերով, որ պատերազմում մեծ հաղթանակներ ունենք: Սա ամբողջ սցենարի մի հատվածն էր. նախ կատարվեց բարոյալքում բանակում, մյուս ասպարեզներում, որպեսզի կանխամտածված ծրագիրը իրականացվեր, այն է՝ Արցախը տալ թուրքին: Ես դա կանվանեի նույնիսկ համագործակցություն:
Ցավոք, կան մշակույթի գործիչներ, որ ինչ էլ կատարվի երկրիս ներսում՝ նրանք անտեղյակ են ու չեն մասնակցում, որովհետև իրենց լափաբաժինը կարողանում են ապահովել և՛ այս, և՛ այն իշխանությունների ժամանակ»,- ասուլիսի ժամանակ ասաց կինոռեժիսորը:
Մշակութաբան Սամվել Հարոյանն էլ ընդգծեց՝ վտանգված են նյութական, հոգևոր արժեքները:
«Այսօր Արցախ աշխարհի մեծ հատվածը մենք ժամանակավոր կորցրել ենք, և վտանգված են մեր հրաշալի վանքերը, խաչքարերը, նյութական ժառանգությունը: Պատմությունը մեր հարևանների կողմից ամեն կերպ խեղաթյուրվում է: Լավ, ինչ անենք, լռե՞նք: Լռելու իրավունք չունենք»,- նշեց մշակութաբանը: