Խոսում են խղճից, ազնվությունից և այլն, միայն կխնդրեմ, որ այնքան ազնիվ լինեին երկրի հանդեպ, որքան ես եմ եղել. Սոֆյա Հովսեփյան

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երեկ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, և ընդամենը րոպեներ անց, ինչպես խմբակցության շարքերը լքած նախորդ պատգամավորների դեպքում, նրա դեմ սկսվեց ուղղորդված արշավ:

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն դարձնողների թիմը սկսեց ոչ ժողովրդավարական եղանակով, իրական ու ֆեյք դեմքերով հալածել պատգամավորին իր որոշման համար: Նկատենք, սակայն, որ Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջում առկա են նաև բազմաթիվ աջակցող գրառումներ:

168.amպատգամավոր Սոֆյա Հոսվեփյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր համար սպասելի՞ էր նման «հարձակում» նախկին թիմակիցների կողմից, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Անկեղծ ասած, այո, սպասելի էր և զարմացնող չէր: Առհասարակ, չեմ ուզում անդրադարձ կատարել. կթողնեմ՝ ժամանակը և մարդիկ ամեն ինչ գնահատեն և, թերևս, ամեն ինչ գնահատվում է. ես նկատում եմ, թե ովքեր՝ ինչ են գրում:

Ես չեմ ուզում դա մեկնաբանել որևէ կերպ, այսինքն՝ այն, թե ինչ են խոսում, ու խոսում են խղճից, ազնվությունից և այլն, միայն կխնդրեմ, որ այնքան ազնիվ լինեին երկրի հանդեպ, այնքան բարեխիղճ լինեին երկրի հանդեպ, որքան ես եմ եղել: Ես չեմ թերագնահատում իրենց մոտեցումները, և կխնդրեմ արդար մոտենալ նաև իմ մոտեցումներին»:

Հիշեցնենք՝  Սոֆյա Հովսեփյանի գրառումից հետո իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած նախկին գործընկերներին՝ նշելով.

««Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք. Վարդան Աթաբեկյան, Գոռ Գևորգյան, Թագուհի Թովմասյան, Աննա Գրիգորյան, Սոֆյա Հովսեփյան: Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։ Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ Քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին»։

Պատգամավոր Վարդան Աթաբեկյանն իր հերթին հակադարձել էր նախկին գործընկերոջը՝ նշելով, որ, եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, «կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը»։ Սակայն, Աթաբեկյանի խոսքով, մինչև այդ պատվին արժանանալը՝ Ռուբինյանը երկու հարցի պետք է պատասխանի.  «Առաջին՝ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների ու մոտ 15 անձանց շատ վատ վարքը իմ տան հանդեպ, որոնք անթույլատրելի կերպով ներխուժել են իմ տուն։ Իրեն որպես լավ պատգամավոր հռչակած Ռուբեն Ռուբինյանը թող բարի լինի դրա բացատրությունը տա, թե ինչ վարքագիծ էր, ու դրան ինքն ինչ գնահատական է տալիս։ Եվ երկրորդ՝ թող իր հանձնաժողովի բոլոր անդամներին վերցնի, ես բոլոր ծախսերը կանեմ, կգնանք, կկանգնենք Արցախի հրապարակում, թող ինքը բարձր գոռա, որ Արցախը Հայաստան է, տեսնենք՝ մեր սկզբունքները փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ինքն այդ հարցերին կպատասխանի, այդ քայլերը կանի, դրանից հետո ես իրեն կհրավիրեմ իմ ընտրողների հետ հանդիպման, իրեն կբացատրեն, թե ես ինչ հիմքով եմ շարունակում պատգամավոր մնալ ու թե ում ձայների շնորհիվ եմ դարձել պատգամավոր»:

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Վազիր, Ֆոռեստ (՞), վազիր

Սոֆյա Հովսեփյանը լքեց Իմ քայլը, դարձավ անկախ պատգամավոր, չմոռացավ նույնիսկ իրեն ընտրողներից ներողություն խնդրել, որ որոշումն այդ նրանց հետ չի քննարկել, բայց նաև հույս հայտնեց, որ իրեն կհասկանան։

Չէ, ես իհարկե, ուրախ եմ տիկին Հովսեփյանի լավատեսության կապակցությամբ, բայց տիկին Հովսեփյանը թող բարի լինի ու ինքն իրեն, բացառապես ինքն իրեն, հայելու կամ թեկուզ իր նախընտրական պաստառի առաջ մի հարցի պատասխանի․ չլիներ Իմ քայլը դաշինքը, չլիներ Նիկոլ Փաշինյանը, քանի՞սն էին լինելու իր ընտրողները։ Տա՞սը, տասնհի՞նգը, գուցե հարյուրը, լավ, շատ բարի, կանգնենք հարյուրի վրա, բա մնացա՞ծը։ Մնացած ընտրողները Սոֆյա Հովսեփյան անվան դիմաց նշումը կատարել են բացառապես այն պայմանով, որ նշումը անում են մի քվեաթերթիկի վրա, որի դարձերեսին գրված է՝ ԻՄ ՔԱՅԼԸ, 1. Նիկոլ Փաշինյան։ Չլիներ այդ քվեաթերթիկի դարձերեսը, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան- պատգամավոր երևույթը։

Եվ ուրեմն թույլ տվեք լինել մաքսիմալ անկեզծ ու ազնիվ և երևույթն այս կոչել իր իսկական անունով, այն է՝ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»։

Ավելի ուշ Ալեքսանյանը ևս մեկ գրառում է արել.

«Հա ու եթե Սոֆյա Հովսեփյանը երբևէ ասի, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով է ընտրվել ու որ դա իրեն բարոյական իրավունք է տալիս դուրս գալ խմբակցությունից, որին մարդիկ տվել են իրենց առաջնային ձայնը, պարզ հայերենով փորձեք բացատրել (դժվարություններ կլինեն, բայց չհուսահատվեք), որ եթե իր հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

Սա քաղաքացու վստահության ու Սոֆյա Հովսեփյան-Իմ քայլը կշիռների հարաբերակցության մասին»։

 

Տեսանյութեր

Լրահոս