19 ծնունդ, շտապ օգնության 314 կանչ. Արցախի առողջապահական համակարգն աշխատել է ուժեղացված ռեժիմով

Արցախի Հանրապետության առողջապահական համակարգն ամանորյա ոչ աշխատանքային օրերին աշխատել է ուժեղացված ռեժիմով: Մասնավորապես, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը: ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում ապահովվել է շտապ բժշկական օգնության 314 կանչ, որից 248-ը Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից, 66-ը՝շրջաններում:

Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 334 դեպք, որից մինչև 18 տարեկաններ` 224 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 31 անձ, որից մինչև 18 տարեկան`16-ը: Համաձայն ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 46, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 276 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 120-ը: Կենտրոնում կատարվել է 17 անհետաձգելի վիրահատություն:

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարվել է 9 վիրահատություն, որից 8-ը` կեսարյան հատում, 1-ը` գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն: «Արևիկ» բուժմիավորումում կատարվել է 1 վիրահատություն:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 19 երեխա, որից 10-ը՝ իգական, 9-ը` արական սեռի են:

Տեսանյութեր

Լրահոս