«Այդ խեղկատակին պետք է ասել՝ այդ զրո կետը պետք է ունենաս, որ սկսես։ Ինքը մինուսային ու բացասական թվերի վրա է բերել Հայաստանը, կործանման է հասցրել»
Հայաստանը, անվտանգային խնդիրներից զատ, հայտնվել է նաև տնտեսական մեծ աղետի մեջ և, ըստ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, բոլորի համար էլ արդեն հասկանալի է, որ այսօր մեր երկիրը ո՛չ տնտեսություն ունի, ո՛չ կառավարություն։
«Հիմա ինչի վերաբերյալ պետք է խոսենք՝ չեմ հասկանում։ Անկեղծ, ես չեմ էլ ուզում անդրադառնալ Կառավարության արած հիմարություններին՝ կապված տնտեսության հետ։ Տնտեսագիտության հետ նույնիսկ կապ չունի այն, որ ՀՀ-ում աշխատավարձն ու թոշակներն առանց բարձրացնելու՝ բարձրացնում են ուսման վարձն ու բժշկական ծառայությունների գները, սա զուտ տրամաբանության հարց է։ Նորմալ գործող տնտեսության պայմաններում կարելի էր առանձին հարցեր ու խնդիրներ քննարկել, լուծումներ գտնել, բայց այսօր որևէ բան իր տեղում չէ։ Ով սկսի նման բաների մասին խոսել, ամենավերջին դիլետանտը պետք է լինի կամ իր չեղած ինտելեկտը պետք է ցույց տա։ Մենք հիմա բացարձակ աղետի մեջ ենք՝ բոլոր առումներով, այդ թվում՝ տնտեսական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակից դուրս գալու ելքեր կան, այդ ճանապարհները տեսնում են, ամեն օր իր թիմի հետ աշխատում են և այդ ուղղությամբ քննարկումներ անցկացնում։
«Սա մեր երկիրն է և չենք կարող կողքից նայել, թե ինչ է կատարվում, կամ հեռակառավարման վահանակով ալիքներ փոխենք, մենք մեր գործն ենք անում, լուրջ մարդն իր գործով պետք է զբաղվի։
Խեղկատակներ և անբարոյականներ, եթե հարցնեն, ինչո՞ւ է այս մարդն անբարոյականություն թույլ տվել իրեն, չեք կարողանա բացատրել, թե ինչու, եթե մարդը բարոյական է, հաստատ այդ ամենը չի կարողանա հասկանալ։ Իրենք որևէ բարոյական նորմ չունեն, մոռանանք, թե ժողովուրդն իրենց ինչ պիտակներ է կպցնում։ Այս ամենը կշարունակվի այնքան, որքան մենք բոլորս դա թույլ տանք ու հանդուրժենք, մարդուն վիրավորում են այնքան, որքան ինքն է թույլ տալիս։ Մեզ բոլորիս հիմա վիրավորում են, որքան մենք հանդուրժենք, նրանք այդքան կլինեն իշխանության ղեկին»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շատ գործարարներ, որոնք արտերկրից եկել ու բիզնես գործունեություն են ծավալել Հայաստանում, իրենց բիզնեսը տեղափոխեն այլ երկիր, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում, պարզապես այն մարդիկ, որոնք ավելի համառ կլինեն ու կկարողանան դիմանալ դժվարություններին՝ կմնան Հայաստանում։
«Հիմա կաթվածահար վիճակ է, եթե տնտեսությունը կաթվածահար է, նշանակում է՝ բիզնես չունենք, և այդ պայմաններում ովքեր աշխատում են, նրանց պետք է հերոսի կոչում տան։ Կան գործարարներ, որոնք բարոյական են, նրանց փողից զատ՝ ավելի մեծ արժեքներ են հետաքրքրում, դրա համար էլ իրենք ատամները սեղմած աշխատում են և հարկ եղած դեպքում օգնում կառավարություն կոչվածին։ Այդուհանդերձ, բիզնեսի որևէ նորմալ ու օրինաչափ զարգացում Հայաստանում չկա, այդ պատճառով էլ ամեն ինչ էլ հնարավոր է»,- շեշտեց նա։
Թաթուլ Մանասերյանը նաև ընդգծեց, որ, եթե ներկայիս կառավարությունը հեռանա, ապա անձամբ ինքը և իր թիմը կկարողանան սեղմ ժամկետներում իրավիճակը շտկել։
«Մենք նախ պետք է գանք զրոյական կետի, քանի որ խեղկատակ վարչապետն ասում էր, որ զրոյից պետք է սկսենք․ այդ խեղկատակին պետք է ասել՝ այդ զրո կետը պետք է ունենաս, որ սկսես։ Ինքը մինուսային ու բացասական թվերի վրա է բերել Հայաստանը, կործանման է հասցրել։ Ամոթ է, որ Հայաստանը, որն ունի 2,5 մլն ազգաբնակչություն, այս վիճակում է, մենք մեր կենսափորձով, իմացությամբ և հստակ քայլերով կարող ենք ստեղծել աշխատատեղերի ավելցուկ, սա ցնորք չէ։ Մարդիկ լավ գիտեն, թե ինչ հստակ բաներ եմ ասում, և իմ որևէ խոսք առանց հիմնավորման չի եղել, Հայաստանը կունենա աշխատատեղերի ավելցուկ, սա նշանակում է, որ մեր երկիր կգան աշխատելու։ Իրավիճակից դուրս գալու քայլերի մասին չեմ խոսի, օդում կրակել չեմ սիրում, ես պատերազմում էլ եմ եղել, ո՛չ այդ ժամանակ եմ օդ կրակել, ո՛չ էլ քաղաքացիական կյանքում, դրա մասին հաստատ կիմանաք։
Ի դեպ, մենք ներքին ու արտաքին բոլոր վտանգները հաշվարկել են, չի կարելի դրանք անտեսել ու հորթի հրճվանքով ասել՝ ամեն ինչ հնարավոր է։ Բավականին ծանր աշխատանք կա անելու»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։