Պատերազմն 9-ին ավարտվել է՝ արդեն 15 զոհ ունենք, չհաշված՝ գողացված գերիները: Ո՞նց է լինելու այս երեխաների ապագան. Ժամկետային զինծառայողի հարազատ
«Ո՛չ Պաշտպանության նախարարության որևէ աշխատակից, ո՛չ Զինված ուժերի, ոչ մեկը: Ում պահանջել ենք՝ ոչ մեկը չի գալիս, ոչ մեկը չի ասում՝ ինչ է կատարվում, ոչ մեկը երաշխիք չի տալիս, որ այս երեխաները ապահով ձևով կհասնեն տեղ»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 168.am-ի հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայողներից մեկի հարազատը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ` պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ:
Մեր լրագրողի հետ զրույցում զինծառայողի հարազատն ասաց. «Մենք երաշխիք չունենք. մենք ո՞նց երեխաներին թողնենք դուրս գան: Առավոտ գիշերով ավտոբուսները մտցրել են ներս, երեխաներին լցնում են ու քշեն, ասում ենք՝ ո՞ւր՝ Գորիս, ինչի՞ եք տանում Գորիս: Ասում ենք՝ եկեք մեկդ երաշխիք եղեք, որ մեր երեխաները ապահով տեղ են հասնելու. մենք չենք զլանում, թող մեր երեխաները ծառայեն: Ոչ մեկը պատասխան չի տալիս:
Անվտանգության երաշխիքներ: Հես ա, տեսնում ենք. պատերազմն 9-ին ավարտվել է՝ մինչև առայժմ արդեն 15 զոհ ունենք, չհաշված՝ գողացված գերիները: Ո՞նց է լինելու այս երեխաների ապագան: Ոչ մեկը ոչ մի բան չի ասում»:
Դիտարկմանը, թե վարչապետի մակարդակով հայտարարություն եղավ, որ այդ երաշխիքները կան, նա արձագանքեց. «Ես նման պաշտոնական հայտարարություն չեմ լսել: Ես, օրինակ, լսում եմ, որ Ալիևն ասում է՝ փետրվարի 1-ին դրոշը տնկելու եմ Ստեփանակերտի գլխին, մեր մոտից ոչ մեկը հակադարձում չարեց՝ ես դա եմ լսում, ես այն եմ լսում, որ օրական զինվորներին գողանում են, որ մեր զինվորներին անվանում են տեռորիստներ, բռնում են՝ հիմա պլեն չկա՝ դատական հոդվածներ են բացում վրան, որ եկել եք՝ փողով վարձկաններ եք: Ինչի՞ մասին է խոսքը, ոչ մի երաշխիք չունենք մենք»: