«Եթե մեր նախարարին են արգելում գնալ Արցախ. ինչի՞ մասին է խոսքը». ժամկետային զինծառայողի ծնող
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ` պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ:
«Երեխաներին երեկոյան ասել են, որ առավոտյան նախարարությունից մարդ կգա ու դուք կտեղափոխվեք մեր զորամասեր, իսկ առավոտյան հայտարարել են, որ իրենց տանում են Արցախ՝ իրենց զորամասեր։ Երեխաները հիմա հրաժարվում են գնալուց»,-168.am-ի հետ զրույցում նշեց զինծառայողներից մեկի մայրը՝ Մարինեն՝ նշելով, որ պահանջում են, որպեսզի Պաշտպանության նախարարությունից գան և իրենց պատասխան տան, թե ինչո՞ւ են երեխաներին տանում Արցախ:
Նա նշեց, որ մտել են զորամաս, որտեղ երեխաներին հարցրել են՝ ցանկանո՞ւմ եք գնալ Ղարաբաղ, երեխաները պատասխանել են՝ ոչ.
«Եթե մեր նախարարին են արգելում գնալ Արցախ. ինչի՞ մասին է խոսքը: Մենք չենք թողնելու մեր երեխաները գնան Արցախ, ընդհակառակը՝ պետք է Արցախի երեխաներին տեղափոխեն այստեղ, որովհետև պատերազմի արհավիրք տեսած երեխաները, անգամ նրանք, որ հիմա այնտեղ են, վտանգավոր է»:
Հիշեցնենք, որ ՀՀ Արտգործնախարար Արա Այվազյանի՝ Արցախ կատարած այցից և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դա սադրանք է, որը նյարդայնացնում է իրեն՝ ի՞նչ է անում Հայաստանի արտգործնախարարն Արցախում, ի՞նչ գործ ունի այնտեղ․ «Հայաստանի արտաքին գործերի նախարա՛ր, դու ո՞վ ես, որ գնում ես այնտեղ, ինչի համար են պետք այդպիսի սադրիչ այցերը, այդ այցերին պետք է վերջ տալ»,-հայտարարել է նա։