«Համաձայն օդից կախված լուրերի՝ այդ լրացուցիչ պայմանագիրն արդեն մանրամասնելու է հայտարարության 9-րդ կետը». Գոհար Մելոյան

«Հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը խախտել է Սահմանադրական կարգը, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է, և պետք է անմիջապես գործ հարուցված լիներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Ըստ նրա՝ վարչապետի լիազորությունները պետք է դադարեցված լինեին, որովհետև ՍԴ կարգի տապալման մասին փաստերն արդեն առկա են. «Ինչո՞ւ եմ նշում, որ տապալվել է սահմանադրական կարգը, որովհետև, ըստ էության, մենք որակում ենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը միջազգային պայմանագիր է, որի արդյունքում նաև արդեն փաստացի ունենք իրավիճակ, երբ նաև ՀՀ տարածքային ամբողջականությունն է ոտնահարվել:

Իսկ մեր Սահմանադրությունն ունի հակակշռող  մեխանիզմներ, որպեսզի բացառվեն հենց այսպիսի իրավիճակները, երբ մեկ պաշտոնական անձը միանձնյա իրեն թույլ կտար մի ամբողջ պետության ճակատագիր որոշել»:

Սահմանադրագետը հիշեցնում է, որ այդ փաստաթուղթը նախ պետք է ներկայացվեր Սահմանադրական դատարան՝ ստանալու դրական եզրակացություն, ապա՝ ներկայացվեր Ազգային ժողովի վավերացմանը. «Բնականաբար, այս գործընթացները չեն պահպանվել, և Նիկոլ Փաշինյանը միանձնյա իրեն թույլ է տվել ստորագրելու այս փաստաթուղթը»:

Հարցին՝ արդյո՞ք հնարավորություն կա հետագայում չեղարկել փաստաթուղթը, Գոհար Մելոյանը պատասխանեց. «Իմ գնահատմամբ՝ այդ հայտարարությունը մեր օրենսդրության համատեքստում հենց այս պահին էլ առոչինչ փաստաթուղթ է»:

Անդրադառնալով հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք եռակողմ հանդիպման մասին խոսակցություններին՝ բանախոսը նշեց, որ ըստ օդում կախված լուրերի՝ պետք է լրացուցիչ պայմանագիր ստորագրվի. «Կրկին, համաձայն օդից կախված լուրերի, այդ լրացուցիչ պայմանագիրն արդեն մանրամասնելու է հայտարարության 9-րդ կետը. որով սահմանվում էր, որ պետք է ապահովվի ճանապարհը, որը կկապի Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ և՛ առևտրային, և՛ քաղաքացիների տարանցման հնարավորություն ստեղծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս