«Շոկը «բայրաքթարներից» չէր, դրանց մենք պատերազմի 4-5 օրն ընտելացել էինք, շոկը դավաճանությունից է առաջացել, սա այն զենքն էր, որին չէինք սպասում». Ժաննա Գալստյան
Արցախի Հանրապետության հերոս, արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Ժաննա Գալստյանը ստեղծված իրավիճակի, Արցախի կորստի ու հայկական կողմի կրած պարտության մասին քիչ է խոսում, ասելիք շատ կա, սակայն այժմ գործ անելու ժամանակն է՝ կորցրած ու տրորված արժանապատվությունը հետ բերելու համար։
168.am–ի հետ զրույցում նա ասաց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու շատ ելքեր է տեսնում։
«Գուցե իմ առաջարկած դեղատոմսը ոչ բոլորի համար է, բայց ես իմ որոշումն ունեմ։ Ինձ հետ նույն որոշումն ունեն նաև շատերը՝ մենք չենք դառնալու փախստական և երբեք չենք ուզում ապրել այն օրը, երբ կորսված Արցախի մասին նստենք ու երգեր հյուսենք։ Մենք մեր որոշումն ունենք և խոսելու փոխարեն՝ լուռ գործում ենք։ Ես չեմ ուզում կեղտոտ քաղաքականությամբ կամ առևտրով զբաղվեմ, ուզում եմ իմ ոտնահարված պատիվը հետ բերեմ և որպես սպա՝ կյանքիս վերջին օրերին ասեմ՝ պատիվ ունեմ, պատիվ, որից ինձ զրկել են, դրա համար էլ լռում եմ, լեզուս պապանձվել է, որովհետև այն, ինչ արել են՝ մարդկային բառապաշարում իր բնորոշումը չունի»,- ասաց Ժաննա Գալստյանը։
Նրա խոսքով՝ Արցախն իր հայրենիքն է, շարունակելու է ապրել այնտեղ և Արցախի հողին էլ արժանանալու է։
«Մեր ամեն մի ծառն ինձ համար տուն ու տեղ է, ամեն ինչ է, ես հույս ունեմ, որ կարժանանամ ազատ Արցախի մի բուռ հողին։ Ցավալի է, երբ մեր հայրենակիցներից շատերը մոռացել են, որ ի սկզբանե եղել է բանը, չե՞ք զգում՝ խոսքն ինչպես է արժեզրկվել, սա է պատճառը, որ լռում եմ»,- հավելեց Ժանա Գալստյանը։
Ըստ նրա՝ իր համար վաղուց էր պարզ, թե ինչու Հայաստանն ու Արցախը հայտնվեցին նման իրավիճակում։
«2018 թվականի ապրիլից ինձ ամեն ինչ պարզ էր, երբ Հայաստանում սկսեցին քայլել, հենց առաջին օրվանից էլ ասել եմ, որ սրանք եկել են Արցախը ոչնչացնելու համար։ Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմելու, բայց պատերազմ չի եղել, սա պատերազմ չէր։
Արցախը պետք է լրիվությամբ վերականգնվի, այսպիսի Արցախը՝ նվաստացրած, անհասկանալի, Արցախ չէ, պետք է լինի այնպես, ինչպես եղել է, այնպես, ինչպես այդ սրիկաները եկան ու ոչնչացրեցին ու դրա համար հիմա այնքան երջանիկ են։ Երբ Հայաստանում նոր իշխանություն ձևավորվեց, ես պաշտոնյա էի ու ես երբևէ ո՛չ Նիկոլի ձեռքն եմ սեղմել, ո՛չ էլ Անդրանիկ Քոչարյանի, քանի որ այդ ժամանակ ես Արցախի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն էի, երբեք իմ խղճին դեմ չեմ գնացել։ Մեր ուժերը քիչ էին, իսկ դավաճանների ոհմակը շատ մեծ էր»,- շեշտեց Ժաննա Գալստյանը։
Ժաննա Գալստյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախի վերականգնումն այլընտրանք չունի, պարզապես այս շրջանում պետք է շոկից դուրս գան։
«Պատկերացրեք, այդ շոկը «բայրաքթարներից» չէր, դրանց մենք պատերազմի 4-5 օրն ընտելացել էինք, շոկը դավաճանությունից է առաջացել, սա այն զենքն էր, որին չէինք սպասում՝ մեջից հարվածելով, հատուկ մարդիկ ուղարկելով… այսքանը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։