Ցավում եմ, որ «Ֆան-ֆան տյուլպան» նախագահ ունենք. հիմա ի՞նչ է ստորագրելու, որ ինքն էլի տեղյակ չլինի. Արագած Ախոյան
«Երկու տարբերակ կա. մենք խաբված էինք, որ ունենք հզոր սպայական կազմ, որը, ցավոք, չտեսանք, կամ իսկապես կար պլանավորված դավաճանություն»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Խոսելով հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա գնալու մասին, Արագած Ախոյանը նշեց.
«Համոզված եմ, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը շտապեցնում է ադրբեջանական կողմը, և հաշվի առնելով այն, որ դե ֆակտո չունենք իշխանություն, և տապալված, նվաստացած իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանին դեմ կտան այն փաստաթղթերը, որոնք նա հեշտությամբ կստորագրի: Նրանք տաք-տաք ուզում են երկաթը ծեծել: Հավատացած եմ, որ դա տեղի կունենա, հետո էլի գլխներիս կտանք, կասենք՝ վայ, բա ոնց գլխի չընկանք: Գլխի ընկել ենք, ուղղակի այստեղ լուրջ անելիքներ կան: Անհետաձգելի գործողություններ կան, որոնք որ չպետք է թույլ տան, ասենք, հիվանդին մոտենալ այդ փաստաթղթերին: Դա պետք է ուսումնասիրվի, վերլուծվի, տեսնենք, թե այս իրավիճակում ինչքան են մեր երկրի ազգային շահերին նպաստում, և հետո նոր թույլ կտան նման հանդիպումներ կազմակերպել»:
Անդրադառնալով զրոյական կետից ամեն ինչ սկսելու առաջարկներին՝ Արագած Ախոյանն ասաց՝ մի քանի անգամ արդեն Փաշինյանը սկսել է զրո կետից:
«Օրինակ, Արցախի շուրջ բանակցությունների դեպքում տեսել ենք, թե իր զրոյական կետը որն է: Զրո կետից սկսող մարդ չէ: Կարծում եմ՝ շարունակում է իր կեղտոտ գործողությունը, որը որ պետք է ավարտին հասցնի»,- հավելեց բանախոսը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ Արագած Ախոյանը նկատեց.
«Ընդդիմադիր դրոշակակիր սարքեցին այսօրվա ինչ-որ 17 կուսակցությունների խմբին, որոնց որ պետք է գնայինք առջևից: Մեկ հարցի շուրջ բոլորս համակարծիք ենք, այն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց ի՞նչ է տեղի ունենում: Ոնց դիտարկում եմ՝ ոնց որ Նիկոլին պահում են հենց այդ 17 կուսակցությունները: Ո՞նց կարելի է 30-40.000 ժողովուրդ տանել հանրահավաքի ու ասել՝ ժողովուրդ, դե գնացեք՝ վաղը կգաք: Ընդդիմադիրները այնպիսի կերպարներ են բերում, որ ժողովուրդը շուռ է գալիս, ասում է՝ չէ: Բազմիցս ասել եմ՝ մշակեք ռազմավարություն, որը օգուտ կբերի: Լավ, 80 տոկոսը ձեզ չսիրելով՝ ձայն տվեց այս խեղկատակին, բա կարելի՞ ա նորից գալ, նկարվել: Մի՛ եկեք, մի նկարվեք, ձեզ չեն սիրում: Մենք ունենք խնդիր՝ օր առաջ այս ապաշնորհ, դավաճան իշխանությանը ճանապարհ դնենք: Տապոռի քաղաքականությունը պետք է աշխատի, չեք տեսնո՞ւմ, որ դեմոկրատիան այս ազգի թշնամին է, չե՞ք տեսնում, օր օրի հայրենիք ենք հանձնում: Ինչքան հետաձգում, այնքան ուժեղացնում եք սրան, դիտմամբ եք անում, հա՞: Վերջին պայմանավորվածությունն էլ ավարտի, նոր թևից բռնենք-շպրտենք, հա՞: ժողովրդին ապուշի տեղ չի կարելի դնել: Մարդիկ ասում են՝ ո՞ւր է այն երրորդ ուժը»:
Ախոյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ հակասահմանադրական քայլեր է արել:
«Սահմանադրական կարգի տապալման համար երևի մի 10 անգամ կարելի է իրեն դատի տալ: Վերջիվերջո այս իշխանությունը բռնազավթվել է: Եղել է ամենաթողություն, թույլ են տվել, ինքն էլ արել է: Հունվարի 11-ին ինքը չպետք է գնա: Մի ոտք շուտ պետք է տանել բժշկի ու թույլ չտալ գնա: Վիրուս է ընկել, լավ գտել է՝ վիրուս ընկնել-հելնելու ձևը: Նախագահն էլ այնտեղ է վիրուս ընկել: Հենց նեղն են ընկնում՝ վիրուս են ընկնում: Ցավում եմ, որ «Ֆան-ֆան տյուլպան» նախագահ ունենք: Ամեն ինչ անգլիական չափանիշներով է չափում: Հիմա ի՞նչ է ստորագրելու, որ ինքն էլի տեղյակ չլինի: Գյուղացուն թշնամու հետ մեն մենակ եք թողել: Նիկոլ, ասեմ քեզ, քո ղեկավարման սահմաններն ավարտվում են Սյունիքի դարպասներից, իմացի: Այնտեղ ազդեցություն չունես՝ որպես երկրի ղեկավար: Մի գյուղ կարող է մտնես, մյուս գյուղը չկարողանաս: Ձեր ինքնասիրությունը, արժանապատվությունը ո՞ւր է, արա գնա, էլի»,- եզրափակեց Արագած Ախոյանը: