Ինչպե՞ս է պարտված, Ադրբեջանի նախագահի կողմից ծաղրուծանակի ենթարկված անձը վաղը հանդիպելու Ալիևի ու Պուտինի հետ, արդյոք նոր ստորացուցիչ փաստաթուղթի չի՞ ստորագրվելու Մոսկվայում․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը եռակողմ հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ։
«Հունվարի 11-ին սպասվում է վարչապետի այցը Մոսկվա։ Այնտեղ կայանալու է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, դրա մասին կարելի է միայն կանխատեսումներ անել։ Կարծում եմ, որ այսօր այլևս մոլորվածներ չկան և հայաստանյան հանրությունը արդեն համոզված է, որ վարչապետ կոչվածը իր արարքները չի քննարկում «ժողովրդի» հետ։ Մոսկովյան հանդիպման հետ կապված, ունեմ հետևյալ մտահոգությունները․
-Ինչպե՞ս է պարտված, նվաստացած, Ադրբեջանի նախագահի և ողջ ադրբեջանցի ժողովրդի կողմից ծաղրուծանակի ենթարկված անձը հանդիպելու Ալիևի հետ։ Կամ ողջ աշխարհի կողմից արհամարհված նույն անձը հանդիպելու Պուտինի հետ։
Պատկերացնում եմ Պուտինի և Ալիևի հայացքները հանդիպման ժամանակ՝ խղճահարություն և արհամարհանք առաջինի, ծաղրելի ժպիտ երկրորդի կողմից։Իսկ հանդիպումից հետո, Ալիևի պատվիրակության հռհռոց։
Հարգելի հայրենակիցներ, այդ վերաբերմունքը վարչապետի նկատմամբ չի, այլ մեր ողջ ժողովրդի, որ մինչև հիմա հանդուրժում ենք մեզ բոլորիս նվաստացրած անձին։
-Լավ, այս խեղճուկրակը ինչ բանակցություններ է վարելու և ինչ փաստաթուղթ ստորագրի։
Իսկ, չե՞ք կարծում, որ ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան բոլորիս համար անակնկալ եղավ, նման ստորացուցիչ փաստաթուղթ չի ստորագրվելու Մոսկվայում։Իսկ եթե նոր կապիտուլյացիոն փաստաթղթով , արդեն Սյունիքն ու Տավուշի գյուղերն են հանձնվում թշնամու՞ն։
Թե՞, էլի կգտնվեն արմենմարտիրոսյաններ, որ կպնդեն , որ դրանք պատմական Ադրբեջանի մասեր են եղել և հո պատերազմ չի՞ լինելու։ Ոտքի է պետք կանգնել, վաղն ուշ է լինելու։ Հետո չասեք, որ չէինք զգուշացրել»,– գրում է Ա․ Իշխանյանը։