Բաժիններ՝

«Մեռած վիճակ է, 7-8 ամիս է՝ մեր աշխատավարձն ենք ուզում». պղնձաձուլարանի նախկին աշխատակից

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն Ամանորի շեմին նամակ են ստացել «Էյ Սի Փի» ընկերությունից այն մասին, որ առաջիկայում աշխատավարձ կստանան, իսկ թե «առաջիկայում» ասելով՝ ինչ պետք է հասկանալ, նրանք դեռ չգիտեն:

«Դեկտեմբեր ամսին նամակ ենք ստացել, որ աշխատողների վերջնահաշվարկն են տալու, «Գազպրոմ Արմենիայի» ու «Վեոլիա ջրի» ու Պետեկամուտների կոմիտեի պարտքերը մարելու հետ մեկտեղ: Գործարանը փակվել էր, ու պարտք էին մնացել, հետևաբար, նամակում նշված էր, որ այդքանիս փողերը պետք է տան:

Հիմա կտեսնենք՝ կուրախանա՞նք, թե՞ կլացենք: Ամիս, օր ժամ նշված չէ, ուղղակի գրված է, որ պետք է տան: Էլի բան է: Այստեղ հիմա մեռած վիճակ է, 7-8 ամիս է՝ մեր աշխատավարձն ենք ուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի նախկին աշխատակիցներից Ռոմանը:

Նրա փոխանցմամբ՝ 8 ամիս է, մոտ 60 հոգի ստանում է աշխատավարձի 2/3-ը՝ 68.000 դրամ:

«Նոր տարի էլ չենք արել, շատ տխուր էր, ոչ մեկը սիրտ չուներ: Ունենք վիրավորներ, զոհվածներ, գերի ընկած մարդիկ: Հիմա աշխատավարձի մասին էլ ենք մոռացել, մեր առաջին ցավը անհետ կորածներին գտնելն ու գերիներին վերադարձնելն է: Ամենակարևորը՝ ողջ-առողջ գան երեխեքը»,- նշեց նա:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ավելի վաղ ահազանգել էին, որ Զանգելանի և Կաշենի հանքահարստացման կոմբինատների չաշխատելու արդյունքում գործազուրկ դարձած համաքաղաքացիներին աշխատանքով ապահովելու և քաղաքում սոցիալական աղետը կանխելու նպատակով անհրաժեշտ է շատ արագ վերագործարկել Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը:

Այս առիթով նրանք մոտ 5 առաջարկ են ներկայացրել՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ բիզնեսի ներկայացուցիչներին, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել: Որպես առողջացման ծրագիր՝ առաջարկում են գործարանը վերաբացել:

Սակայն նրանք համոզված են՝ այս պահին ամենաարագ և շատ աշխատատեղ կարելի է ապահովել պղնձաձուլարանը վերագործարկելով, քանի որ հսկայածավալ գործազրկություն է քաղաքում, մարդիկ աշխատանք չունեն, ծանր վիճակ է:

«Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս