Գազի տեսուչը զգուշացրեց վճարել, եթե ոչ՝ կանջատեն գազը․ Ստեփանակերտցի ընտանիքն անելանելի վիճակում է
Ստեփանակերտցի Անուշ Աբաղյանը, ով 4 անչափահաս երեխաների հետ՝ 1, 11, 14, 16 տարեկան, բնակվում է Դարակերտ գյուղում, աջակցության կարիք ունի:
Բացի այն, որ 30․000 դրամ տան վարձ պետք է վճարի, դրան գումարվել են նաև կոմունալ ծառայությունների վճարները։
«Երկու օր առաջ գազի տեսուչն եկավ, ասաց, որ զգուշացնում է՝ պետք է վճարումներ կատարենք մինչև հունվարի 20-ը, եթե՝ ոչ, կանջատեն գազը։ Բնականաբար, նույնը կլինի նաև լույսի դեպքում։ Դեկտեմբեր ամսին սպառված էլէներգիայի համար պետք է վճարեմ 28․000, իսկ գազի համար՝ 65․000 դրամ։ Չգիտեմ, թե որտեղից եմ գումար հայթայթելու, որ վճարեմ։ Այս ընթացքում ժենգյալով հաց էի պատրաստում, տալիս խանութներին, բայց դեկտեմբերի 30-ին եմ վերջին անգամ տվել, այնքան էլ չի վաճառվել։ Մասիսի համայնքապետարանը 3 անգամ սնունդ է ուղարկել, վերջին անգամ ուղարկել են դեկտեմբերի 5-ին: Ինքս խոհարար եմ, այս պահին ոչ մի տեղից եկամուտ չկա, չգիտեմ, թե ինչ եմ անելու, անելանելի վիճակում եմ։ Շնորհակալ կլինեմ, եթե հայրենակիցներն օգնեն կոմունալները վճարելու հարցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Անուշը։
Արցախ վերադառնալու մասին Անուշը մտածում է, սակայն այնտեղ գտնվող իր բարեկամներն ասել են, որ դեռ անվտանգ չէ բնակվելու համար: Այս պահին միայն մեծ որդին է վերադարձել, քանի որ սովորում է:
Քաղաքացուն օգնելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը Արարատ բանկում՝ 1510051611620100: Փոխանցումները կատարվում են ՀՀ դրամով:
Ներկայացված են նաև գազի և լույսի անդորրագրերը։