
Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան. դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Риа Новости-ին տված հարցազրույցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Սրանք են հետպատերազմական մարդասիրական գործընթացի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները:
Այս հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել էր, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարվել էր նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել էր` որպես ահաբեկիչներ: