
«Եթե Շուշիի, Շուռնուխի և Եռաբլուրի պատվի համար ոտքի կանգնելու վարանողներ կան, գուցե սեփական առողջության և ձեր երեխաների կրթության համա՞ր սթափվեք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր արհավիրքներին և զուլումներին հավելեմ ևս մեկը։
Երկիրը թուրքին գյուղ առ գյուղ հանձնող ստահակների ոհմակը Հայաստանի պետական բյուջեի խորացող ճեղքը մի կերպ լցնելու համար որոշել է կրկին քերել ժողիվրդի գրպանները։
Տարեվերջին դրանք ընդունել են ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության որոշում, ըստ որի նախատեսում են ի թիվս այլ քերթիչ քայլերի վերացնել ավելացրած արժեքի հարկի արտոնությունը կրթության և առողջապահության ոլորտներում։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական հարված է հասցվելու մարդկանց կրթության իրավունքի իրագործմանը և առողջության պահպանման հնարավորություններին։
Կտրուկ թանկանալու են ուսման վարձերը և առողջապահական ծառայությունները։
Մարդիկ առանց այդ էլ հազիվ-հազ են վճարում իրենց երեխաների ուսման վարձը։ Մարդիկ հազիվ են ձգում հիվանդանոցային վճարները, և մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն դիմում։
Ձեզ կպատմեն հեքիաթներ, որ առավել նպատակային կդարձնեն պետական աջակցությունը։ Դա հերթական սուտն է լինելու, քանզի մեր գրպաններից քերվելիք գումարով փորձելու են լցնել բյուջեի ճեղքվածքը։
Եթե Շուշիի, Շուռնուխի և Եռաբլուրի պատվի համար ոտքի կանգնելու վարանողներ կան, գուցե սեփական առողջության և ձեր երեխաների կրթության համա՞ր սթափվեք»: