Հիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվեն քեզ հետ
Որքան քեզ հիշում ես, դու միայն վատ հարաբերություննե՞ր ես ունեցել, և քեզ թվում է, թե պատմությունը նորից ու նորի՞ց է կրկնվում:
Բայց չէ՞ որ դու ամենասկզբից վատ տղաների չես ընտրել, կնամոլների քեզ մոտ չես թողել, և սկզբում քո բոլոր նախկինները լավն էին թվում, քանի դեռ նրանք սիրահետում էին քեզ, շատ բան խոստանում, իսկ դու մտածում էիր, որ քո բախտը բերել է: Սակայն հարաբերությունների զարգացմանը զուգահեռ՝ ամեն ինչ սկսում էր փոխվել, և այդ լավ տղամարդիկ վերածվում էին հրեշների:
Այս մասին գրում է soulpost.ru կայքը:
Վատագույնն այն է, որ նրանք սկսում էին վատ վարվել քեզ հետ այն ժամանակ, երբ դու նրանց ցույց էիր տալիս քո խոցելի կողմերը: Որքան շատ էիր դու նրանց սիրում, այնքան ավելի զզվելի էին դառնում նրանք: Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը:
Իսկ իրականում խնդիրն այն է, որ դու սկսել ես վատ նոտայից:
Հասկանո՞ւմ ես, այդ տղամարդկանցից յուրաքանչյուրն այնքան ուժգին էր ցանկանում գլուխդ պտտեցնել, որ դու մոռանում էիր որոշակի կանոններ հաստատել: Մի խոսքով, դու սիրահարվում էիր ու մոռանում բոլոր տաբուների մասին:
Միգուցե դու մտածում էիր, որ դա փոխզիջում է, դու չէիր ուզում շատ բան պահանջել քեզ դուր եկած տղամարդուց: Չէ՞ որ, եթե սերն իսկական է, ապա դա պետք չէ, ապա ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի:
Բայց տղամարդկանց մեծ մասն այդպիսի վարքագիծն ընդունել են՝ որպես քեզ խոցելու հնարավորություն: Նրանք սկսում էին քեզ ընդունել՝ որպես ինքնին ենթադրվող մի բան, ու դադարում էին ջանքեր գործադրել հարաբերությունները պահպանելու համար:
Սխալ մի հասկացիր. պետք չէ դառնալ դժվարամատչելի ու սառնասիրտ: Պարզապես մի իջեցրու քո ստանդարտներն անգամ այն մեկի համար, ով քեզ շատ է դուր գալիս: Մի համաձայնիր այն բանին, ինչը քեզ համար ընդունելի չէ պարզապես այն պատճառով, որ դու սիրում ես նրան:
Հիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետ:
Ամեն անգամ, երբ դու տղամարդու պահանջմունքները քո պահանջմունքներից վեր ես դասում՝ փոխարենը նրանից ոչինչ չխնդրելով, դու ցույց ես տալիս, որ դա նորմալ է: Դու դրանով նրան ասում ես, որ նա քեզնից կարևոր է:
Ամեն անգամ, երբ նա քեզ վիրավորում է, իսկ դու լռում ես, դու ցույց ես տալիս, որ դեմ չես նման հարաբերություններին: Դու ցույց ես տալիս, որ ինքդ էլ քեզ այդպիսին ես համարում:
Ամեն անգամ, երբ նա չեղարկում է ձեր համատեղ պլանները, իսկ դու լռում ես, դու ցույց ես տալիս, որ քո ժամանակն արժեքավոր չէ: Դու ցույց ես տալիս, որ քո կյանքը կարող ես հարմարեցնել նրա ժամային գրաֆիկին:
Ամեն անգամ, երբ դու կրկին նրան հաղորդագրություն ես հղում, չնայած նրան, որ նա չի պատասխանել առաջինին, դու նրան ասում ես, որ պատրաստ ես սպասել նրան: Դու ցույց ես տալիս, որ նա կարող է ընդհանրապես ոչինչ չանել քեզ համար, որ նա չպետք է պայքարի քո սիրո համար:
Ամեն անգամ, երբ դու նկատում ես նրա ֆլիրտն ուրիշների հետ, բայց մնում ես նրա հետ, դու ցույց ես տալիս, որ դեմ չես նրան կիսել այլոց հետ, որ միգուցե դու նույնիսկ պատրաստ ես ընդունել նրա դավաճանությունը:
Ցանկը կարելի է շարունակել, բայց հուսով եմ՝ դու հասկացար, որ ամեն ինչ հենց քեզնից է կախված, նրանից, թե դու ինչ կանոններ կսահմանես հարաբերություններում:
Եթե դու ընդունում ես տղամարդու անհարգալից վերաբերմունքը, ուրեմն ինքդ չես հարգում ինքդ քեզ: Եթե դու համաձայնում ես նրա ուշադրության ու սիրո փշրանքներին, դու նրան ցույց ես տալիս, որ ավելիին արժանի չես: Երբ բողոքում ես, որ նա քեզ հետ վատ է վարվում, բայց ոչինչ չես անում, դու պարզապես ծափահարում ես նրա վարքագծին:
Երբ դու նրան 2-րդ հնարավորություն ես տալիս այն բանի համար, ինչ նա չպետք է աներ, դու ցույց ես տալիս, որ պատրաստ ես անվերջ ներել:
Երբ դու հանդուրժում ես տղամարդու վատ վարքագիծը, դու նրա առաջ կանաչ լույս ես վառում նույն կերպ շարունակելու: Դու նրան ասում ես, որ այդ ամենն ընդունելի է, որ քեզ ոչինչ չի շփոթեցնում:
Պատրաստեց 168.am-ը