«Հաղթանակը եկավ այնտեղից, որտեղից ոչ ոք չէր սպասում». Коммерсантъ-ը ԼՂ-ում հայկական կողմի պարտության պատճառներից է համարում Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականությունը
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել վերջին Արցախյան հակամարտության մասին՝ նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկրորդ պատերազմը փոխել է ստատուս-քվոն Անդրկովկասում:
Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակ Սերգեյ Ստրոկանի անդրադարձը.
«2020 թվականին հետխորհրդային տարածքում հիմնական իրադարձությունը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկրորդ պատերազմն էր, որն, ի տարբերություն 90-ականների սկզբի առաջին պատերազմի, ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով: Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք բերվեց Ռուսաստանի մասնակցությամբ, որը ոչ միայն վերահսկելու է հրադադարի ռեժիմի պահպանումը, այլ նաև դառնալու է ԼՂ հակամարտության հետագա երկարաժամկետ կարգավորման երաշխավորը:
Հոդվածում նշվում է՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև կնքված եռակողմ համաձայնագրի առանցքային կետը հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցն էր, որը պետք է բացառի զինված առճակատման վերսկսման հնարավորությունը և պայմաններ ստեղծի դիվանագիտական գործընթացի վերսկսման համար:
Հեղինակը հոդվածում անդրադարձ է կատարում 2020 թվականի հուլիսի 12-ին՝ տավուշյան դեպքերին, որոնք իրականում «մոտալուտ փոթորկի մասին նախազգուշացում» էին, սակայն դրան սկզբում մեծ ուշադրություն չտրվեց:
Մեջբերելով որոշ քաղաքագետների ու փորձագետների խոսքերը, որոնց համաձայն տեղի ունեցածն ուղղակի արտակարգ իրավիճակ էր, հոդվածագիրը նշում է, որ միայն քչերն էին այդ ժամանակ ուշադրություն դարձնում հուլիսի 15-ի գիշերը Բաքվում անցկացված լայնածավալ հանրահավաքին, որի մասնակիցները պահանջում էին «ազատագրական պատերազմ սկսել Ղարաբաղի համար», որին ի պատասխան Ալիևն ասել էր, որ ինքը «ոչ մեկին խորհուրդ չի տալիս իրադարձություններից առաջ անցնել՝ չնայած որ փողոց դուրս եկողները կարող են առաջնորդվել բարի նպատակներով»:
Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի հասարակական տրամադրությունը, որի ցուցիչն էր Բաքվի հանրահավաքը, ավելի ու ավելի արմատականացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի փակուղու և դիվանագիտական լուծման հանդեպ հավատը կորցնելու պատճառով:
Բացի այդ, ի տարբերություն իր նախորդների՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը սադրիչ հայտարարություններով հրահրեց Ադրբեջանին և ցուցադրաբար պահանջեց, որ համաշխարհային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը լուրջ «գրգռող գործոն» դարձավ Բաքվի համար:
Միևնույն ժամանակ, հեղինակի համոզմամբ, սեպտեմբերի 27-ի պատերազմում ադրբեջանական կողմի հաղթանակը մի քանի որոշիչ գործոններով էր պայմանավորված:
Ստրոկանն առաջին հերթին հարկ է համարում նշել Ադբեջանի՝ սպառազինության հարցում , երկնքում լիակատար գերակայությունը, որը ձեռք էր բերվել Իսրայելից և Թուրքիայից գնված անօդաչու թռչող սարքերի հաշվին: Այստեղ Հայաստանն ակնհայտորեն «հետ էր ընկել»՝ իր տրամադրության տակ ունենալով միայն «կամիկաձե» ԱԹՍ-ներ:
Բաքվի հաղթանակն ապահովող մեկ այլ գործոն էր Թուրքիայի ռազմական խորհրդատուների մասնակցությունը, այդ թվում՝ օդաչուների և հրետանավորների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բերված վարձկանների: Ի դեպ, վերջինների մասով Ադրբեջանը մինչ օրս էլ հերքում է շրջանառվող տեղեկությունները:
Ինչ վերաբերում է Հայաստանի պարտությանը, ապա հեղինակն ի թիվս փորձագետների կարծիքների, նշում է Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը, ռազմական կառավարման ասպարեզում ՀՀ իշխանությունների էական սխալները, ինչպես նաև երկրի ռազմական հրամանատարության ռազմավարական և մարտավարական սխալները:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա այս դեպքում հոդվածի հեղինակը նկատում է, որ Ադրբեջանի հաղթանակը կտրուկ արժեզրկել է Նիկոլ Փաշինյանի կոչերն այդ մասին: Բացի այդ՝ կնքված եռակողմ հայտարարության տեքստում խոսք անգամ չկա կարգավիճակի հարցի մասին: Ավելին՝ համաձայնագրի ստորագրումից հետո Ալիևը հանդես եկավ կոչով ու նշեց. «Ի՞նչ է պատահել Փաշինյան: Որտե՞ղ է ձեր կարգավիճակը: Կարգավիճակ չկա և չի լինի: Սա Ադրբեջանի մի մասն է, Փաշինյա՛ն»:
Կարգավիճակի թեմային անդրադարձել է նաև Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ևս շեշտել է փաստը, որ փաստաթղթում խոսք չկա ԼՂ կարգավիճակի մասին ու մանրամասնել՝ փաստաթուղթը ստորագրելիս կողմերն առաջնորդվել են միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերով, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և այլ փաստաթղթերով:
Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ստեղծված իրավիճակում հայկական կողմից ով պետք է եզրակացություններ անի:
«Երկրի քաղաքացիների զգալի մասը Փաշինյանին մեղավոր է համարում պատերազմում խայտառակ պարտության համար, ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը: Եվ նույնիսկ եթե բողոքի շարժման ներկայիս ալիքը չհեռացնի նրան և նրա կառավարությանը, ապա հաջորդ, հերթական կամ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հեռանկարները բավականին մշուշոտ են թվում», – վստահեցնում է Ստրոկանը:
Պատրաստեց Tert.am-ը