Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական հոգևոր և մշակութային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայերի համար: Դրանց պահպանության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, սակայն դեռ շոշափելի հաջողությունների չի հասել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկել այդ տարածքներ, բայց Ադրբեջանը մերժել է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հուշարձանների պահպանության նպատակով համագործակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Հայաստանում և արտերկրում ապրող հայ մասնագետների հետ ենք խումբ ստեղծել: Ներգրավված են հայեր, որոնք միջազգային հարթակներում լոբբիստական աշխատանքներ են իրականացնում, սակայն հիմնական կառույցը, որին դիմում ենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Դեկտեմբերին նախատեսվում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկի այն տարածքներ, որոնք այլևս Արցախի վերահսկողության տակ չեն: Հանձնախումբը պետք է հայկական մի քանի հուշարձանի մշտադիտարկում իրականացներ: Պատվիրակները Ռուսաստանից էին, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իտալիայից, բայց Ադրբեջանն արգելել է նրանց մուտք գործել իր վերահսկողության տակ անցած տարածքներ»,-շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ընդհանրապես չի էլ բացատրում, թե ինչու է դա արել: Ըստ Խաչատուրյանի՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում բացարձակ չկա:

«Հանձնախմբի անդամները մասնագետներ են: Նրանք գալիս են, տեսնեն հուշարձանը, հետո գնան, որոշ ժամանակ անց նորից գան ու տեսնեն այս կամ այն հուշարձանն աղճատվե՞լ է, թե ոչ: Նրանք քաղաքական հանձնախումբ չեն, մասնագիտական խմբեր են, և կարող են գալ նաև Արցախ՝ տեսնելու, թե ինչ ադրբեջանական կամ այլ դավանանքի պատկանող հուշարձաններ կան, որոնք անհրաժեշտ է մշտադիտարկել»,-շեշտեց Նարինե Խաչատուրյանը:

Տեսանյութեր

Լրահոս