Բացի Սյունիքից՝ տարածքային հաջորդ թիրախը կլինի հենց Տավուշի մարզը. ադրբեջանագետ

Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, թե Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է, այս անգամ պատերազմը կընթանա Հայաստանի տարածքում, Ադրբեջանն իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կարող է գտնվել միայն Հայաստանի տարածքում»։

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն 168.am-ի հետ խոսելով Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին՝ ասաց, որ, երբ տեսնում են՝ դիմացինն ինչ-որ տեղ ընկրկում, զիջում է, անզոր է, այդքան էլ բացվում է Ալիևի ախորժակը:

«Գիտե՞ք, թե ինչու Ադրբեջանն իրեն չի ճանաչել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ. այստեղ երկու հարց կա: Առաջինն այն էր, որ ադրբեջանահայ փախստականներին չփոխհատուցի: Փոխհատուցման գումարը, ի դեպ, 100 միլիարդ դոլարի է հասնում, և իրենց պահանջած 50 միլիարդի կրկնակին է: Մյուսն այն է, որ Ադրբեջանի, այսպես կոչված, առաջին հանրապետությունը՝ դեմոկրատական հորջորջվածը, իրականում անհագուրդ տարածքային պահանջներ ունի բոլոր հարևանների նկատմամբ:

Իրենց պատկերացմամբ՝  Ադրբեջանի առաջին դեմոկրտական հանրապետությունն իր մեջ ներառում էր Տավուշի մարզը համարյա ամբողջությամբ, Սևանի ավազանի արևելյան մասը, Սյունիքի մարզը, Վայոց Ձորի մարզն ամբողջությամբ, Արարատի մարզի գրեթե կեսը՝ մինչև Երևանի մատույցները: Շատերը հիմա սա սենսացիա են անվանում, բայց տարիներ շարունակ ներկայացրել եմ Ադրբեջանի պատմակեղծարարությունն ու ապագային միտված ծրագրերը, բայց, ինչպես ասում են՝ ձայն բարբառոյ անապատի, ու հիմա մենք ականատես ենք լինում այս ծրագրերի իրականացմանը»,- ասաց ադրբեջանագետը:

«Հիմա տարբեր տեղեր քննարկումներ են գնում, թե՝ այ, եթե 500 մետրի վրա թուրք տեսնենք, ապա մենք չենք ապրելու, արտագաղթելու ենք: Դե թող արտագաղթեն, վաղն էլ նրանց տեսնենք Երևանի բնակարաններում՝ իրենց GPS-ներով: Մենք պետք է հնարամտություն կիրառենք, փորձենք խոսել մեր դաշնակիցների հետ: Փաստը մնում է փաստ, որ ռուսներին ենք հանձնում վերահսկողությունը նաև հարավային սահմանում՝ հապճեպ ընդունելով դելիմիտացիայի և այլ գործընթացներ, որ Վրաստանի հետ 30 տարի է՝ չենք կարողանում վերջացնել: Ադրբեջանական պահանջները գնալով կմեծանան: Ցավոք, այս օրհասական վիճակում, երբ մենք ևս գործողություններ պետք է կատարեինք, հայկական կողմը զբաղված է ներքաղաքական խնդիրներով»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Անդրադառնալով  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հորդորներին, որ երբեմն հնչում են, ադրբեջանագետն ընդգծեց, որ Ադրբեջանը հստակ ասել է՝ որևէ հարաբերությունների մեջ չի կարող մտնել:

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ապակայունացնի իրավիճակը: Բացի Սյունիքից՝ տարածքային հաջորդ թիրախը կլինի հենց Տավուշի մարզը: Չպետք է մոռանանք, որ Արծվաշեն ունենք՝ զբաղեցված Ադրբեջանի կողմից, որի մասին ոչ ոք չի խոսում: Որպես ՀՀ սուվերեն տարածք՝ Արծվաշենը պետք է վերադարձնեն: Ալ լճերի մոտ էլ ունենք Հայաստանի հետ ուղիղ սահմաններ ունցող տարածքներ: Կան նաև խորհրդային այլ քարտեզներ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանի խորհրդային հանրապետության հետ փոքրիկ տարածք ունի՝ սահմանակից տեղ:

Ի դեպ, եթե մենք գնում ենք Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզներով, որոշ մարդիկ չպետք է մոռանան, որ, եթե Ադրբեջանը չի ճանաչել իրեն՝ որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այդ սահմաններն ինչպե՞ս են սահմանագծվում: Այս հարցով պետք է զբաղվեն մասնագետները, ոչ թե 30 տարվա դիլետանտները: Եվս մեկ անգամ նշեմ, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր պետական քաղաքականությամբ, որը սատարում է Թուրքիան, և այո՛, Ադրբեջանի համար այս պատերազմը դեռևս ավարտված չէ, քանի դեռ չեն ստացել այն, ինչ ցանկանում են: Իսկ նրանք ցանկանում են հայկական պետականությունը Հարավային Կովկասից ջնջել ամբողջությամբ»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս