Մեր ամեն օրը լի է սայթաքումներով, սխալներով, բացթողումներով, բայց ամենևին պետք չէ հիասթափվել…
Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքում մարդկության համար դարձավ սրբության և կատարելության օրինակ: Սրբությամբ ապրելը քրիստոնյայի համար կյանքի նպատակ լինելուց առավել առաքելություն է: Սրբությունն այն հոգևոր վիճակն է, երբ մարդ արարածն ապրում է Աստծո շնորհով և Նրա պատվիրաններով, գիտակցելով, որ Աստծո զավակ է և ձգտում է արժանի մնալ այդ կոչմանը: Գուցե լինում են իրավիճակներ, երբ ստիպված ենք լինում խախտել աստվածային պատվիրանները՝ անկախ մեր կամքից, բայց հաջորդ վայրկյանին ամբողջ հոգով զղջում ենք, աղոթում և ներում հայցում։ Ու այս ամենից արդեն պարզ է դառնում, որ մարդ արարածը երբեք չի եղել և չի լինի կատարյալ։ Հնարավոր է սխալվենք և սայթաքենք, բայց սեփական սխալներց դասեր քաղելը քրիստոնյայի համար կարևոր պայման է։
Մեր ամեն օրը լի է սայթաքումներով, սխալներով, բացթողումներով, բայց ամենևին պետք չէ հիասթափվել, նեղսրտել, ատել սեփական անձը ու ասել, որ Աստված կլքի քեզ, քո իսկ սխալների համար։ Նա միշտ մեզ հետ է, մեր մտքում, մեր աղոթքներում, ի վերջո մեր կատարած յուրաքանչյուր գործում։ Պարզապես այս ամենի մեջ կա մի շատ կարևոր բան, անկախ ամեն ինչից պետք է փորձել սրտի և հոգու մաքրությունը երբեք չկորցնել։ Ավետարանն ասում է․
«Սրտի սրբությունը պայման է աստվածտեսության: Քրիստոնյայի համար գերագույն իղձն Աստծուն տեսնելն է, Նրա ներշնչող ներկայությունը զգալը: Հիսուս ուղենշում է այդ ճանապարհը. սուրբ սիրտ ունեցող և սրբակենցաղ կյանքով ապրող քրիստոնյան պիտի տեսնի Աստծուն» (Մատթեոս 5: 8)։
Մեր բոլորիս երազանքն է ապրել ու փորձել նմանվել Աստծուն, բայց եթե չի ստացվում, Աստվածաշունչն ասում է ․«Իսկ եթե քո կյանքում բազում մեղքեր գտնես (որոնք անպայման կգտնվեն, քանի որ ըստ ամենայնի մարդ ես դու), ասա՛ մաքսավորի նման. «Աստվա՛ծ, քավի՛ր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ. ԺԹ 13):