«Մայրուղու Կապան գնացող հատվածն ամբողջությամբ վիճելի տարածք է համարվում՝ այնտեղ 12 բնակելի տուն կա». Շուռնուխի գյուղապետ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում անցկացրեց աշխատանքային քննարկում՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ, որին մասնակցում էին միայն «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Քննարկմանը մասնակցելու համար պաշտոնապես հրավիրել էին նաև Կառավարության անդամներին ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն որևէ մեկը չէր արձագանքել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հենց քննարկման ընթացքում հեռախոսով կապ հաստատեց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ՝ իրավիճակը նրա հետ պարզելու համար։
Ըստ Հակոբ Արշակյանի, իրենց գյուղի ճանապարհը թուրքերը եռակողմ GPS-ով չափագրել են, քարտեզները տեղադրել ու գնացել են։
«Թուրքն էր եկել ռուսի հետ, ներկա էր նաև մեր ԱԱԾ-ից ներկայացուցիչ։ Ես չգիտեմ, թե այդ չափագրումներն ինչի հիման վրա են անում, ԱԱԾ ներկայացուցիչն ասել է, որ իմ ներկայությունն այդ գործընթացին պարտադիր չէ։ Ադրբեջանցիները դեռևս չեն մոտեցել մեր հատվածին, ես դեռ նրանց սահմանապահ զորքին չեմ տեսել։ Հիմնական մայրուղու ձախ մասը, դեպի Կապան գնացող հատվածն ամբողջությամբ վիճելի տարածք է համարվում։ Ճանապարհի այդ ձախ հատվածում 12 բնակելի տուն կա, չհաշված՝ այնտեղ ունենք փոստի նախկին շենքը, բայց թե կոնկրետ որ մասով են գծել, ինչ է, չգիտեմ։ Կողքից տեղեկանալով՝ գյուղի վերջին տունը մնալու է մեր սահմանում։ Առայժմ մենք որևէ տեղեկություն չունենք»,- ասաց Շուռնուխի գյուղապետը։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում թշնամուն են զիջել հայկական բոլոր շահեկան դիրքերը՝ Սյունիքի անվտանգության գոտին։