Արգիշտի Քյարամյանը ընդամենը մի հատ գործիք է, որ երկրում ռեպրեսիաների միջոցով հաստատի դիկտատուրա. Իշխան Սաղաթելյան

Երեկ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը, որը 2018 թվականից աշխատում էր ՊԵԿ-ում, զբաղեցնելով նախ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները, այնուհետև 2019 թվականին տեղափոխվել էր ՊՎԾ, աշխատել ՊՎԾ ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ապա ՊՎԾ պետի ԺՊ, 2020թ.-ին 1 օրով նշանակվել էր ՔԿ նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ փոխտնօրեն,  2020թ.-ի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է  ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այս տարվա դեկտեմբերի 24-ին նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ:

Այս տեղեկությունը տարակարծությունների առիթ դարձավ, որովհետև Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր պատերազմի օրերին, ինչից հետո էլ տեղեկություն էր շրջանառվում, թե հենց նրա գիտությամբ հայկական անձնագրեր են բաժանվել Ադրբեջանի քաղաքացիների:

Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակվելու փաստին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ կարծիք հայտնելով, որ Արգիշտի Քյարամյանը գործիք է:

«Ինչ վերաբերում է էս տղուն, որն այս ժամանակահատվածում պարբերաբար ինչ-որ պաշտոններ է ստանձնում, նախ պետք է պատասխան տա՝ ինչի՞ ազատվեց ԱԱԾ պետից, ի՞նչ անելու կամ չանելու համար է ազատվել,  որից հետո հասկանանք՝ հիմա իրեն ինչի՞ են գործուղել քննչական: Այսինքն էս տղան, էդ Արգիշտի Քյարամյանը, ընդամենը մի հատ գործիք է, որին ժամանակին ուղարկել էին վերահսկողական ծառայություն՝ մարդկանց գլխին բան սարքելու, հետո ուղարկեցին ԱԱԾ՝ ինչ-որ բան սարքելու, էնտեղ ինչքանով ստացվեց, ինչը ձախողեց, չգիտեմ: Հիմա էլ ուղարկել են քննչական: Սա է, այս խելագարի իշխանությունը, ուրիշ բացատրություն չկա:

Պատերազմի ծանր օրերին ԱԱԾ պետն ազատվում է աշխատանքից,  44  օր հետո կամ  2 ամիս հետո նշանակվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Ո՞րն է դրա բացատրությունը: Մի բացատրություն կա: Այս մարդն ուզում է նման սրբություն չունեցող մարդկանցով շրջապատի իրեն, ուժեղացնի իրավապահ համակարգը, ուժայինները, որ երկրում ռեպրեսիաների միջոցով հաստատի դիկտատուրա: Բայց չի հասկանում, որ իր ժամանակը ավարտվել է: Ինքը սպառված, ոչնչացված, այս երկիրը ծախած, դավաճանած մարդ է, ու բոլոր նրանք, ովքեր այս օրերին պաշտպանում են իրեն, կանգնում են իր կողքին, հավասար կիսում են ամբողջական պատասխանատվությունը: Այսինքն՝ իրենք արդարացնում են Արցախի հանձնումը, իրենք արդարացնում են մեր պետականության կործանման այս ընթացքը և ամբողջական Նիկոլի հետ պատասխանատվություն են կրելու: Պետք է հասկանան, գիտակցեն, րոպե առաջ հրաժարվեն այս դավաճանի կողքին լինելուց և իրեն աջակցելուց, որովհետև ինքն այդ ճանապարհով է գնում ու փորձում է երկիրը նաև տանել այդ ճանապարհով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Տեսանյութեր

Լրահոս