«Չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի քարտեզն իր դեմ դրած՝ որոշի նաև Քյարքի՝ Տիգրանաշեն  գյուղը թշնամուն հանձնելու մասին». Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ այսօր հասարակության մի մասը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս չի գալիս, քանի որ թշնամին դեռ չի մտել նրանց տուն, այսինքն՝ չի հասել Երևանի կենտրոն։

«Կարծում եմ, երբ թուրքը հասնի Երևան, մտնի մարդկանց տուն, կանանց ու երեխաներին սպանի, այդ ժամանակ, հուսամ,  հասարակությունը կգիտակցի, որ պետք է փողոց դուրս գար, ու, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան քաղաքականություն է  վարել։ Ու ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդ, նախ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն իրեն սպասարկողների 90 տոկոսին՝ ժեխին, ժողովուրդ չանվանի, նրան սպասարկողների 90 տոկոսը ժեխ ու փթիր է: Սա Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է, օրինակ, երբ իր կողմնակիցներին հավաքում էր  Կառավարության շենքի մոտ՝ այն էլ պատերազմից անմիջապես հետո, կամ կռապաշտ տգետները, որ ասում են, թե Նիկոլ Փաշինյանն իրենց Աստվածն է, մի անմեղսունակ էլ ասում էր, թե եղբոր որդին Հադրութում պատերազմում է, սա էլ այն դեպքում, երբ Հադրութը վաղուց հանձնել էին, օրինակները բազմաթիվ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Նրա բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանը դավաճան ու հողատու է,  օգտվելով նրանից, որ հասարակության մեծ մասը քաղաքականապես անգրագետ է և իր ստերին կարող է հավատալ՝ ամեն ինչ անում է իր իշխանությունն ամրապնդելու համար։

«Շուտով մենք ականատես կլինենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է Ադրբեջանին հանձնում Տավուշի մարզից որոշ տարածքներ։ Նշեմ, որ այս տարածքների հետ կապված՝ ինչպես ստել է նախկինում, այնպես էլ՝ հիմա է ստում, թե որևէ տարածք չեն հանձնում, հիմա ադրբեջանական քարտեզներն իր դեմ դրած՝ որոշում է, որոնք պետք է տա։ Չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի քարտեզն իր դեմ դրած՝ որոշի նաև Քյարքի՝ Տիգրանաշեն  գյուղը թշնամուն հանձնելու մասին, որի միջով անցնում է   Երևանը ՀՀ հարավային շրջանների հետ կապող,  նաև Իրանին կապող ռազմավարական մայրուղին։ Նրա նման ազգադավը բացարձակ չի հիշում, որ կա Արծվաշեն գյուղ, որը գրավել են ադրբեջանցիները։ Փաշինյանն առավոտից երեկո զառանցում է  այն մասին, որ ադրբեջանցիներին մի թիզ հող չի զիջվել, բայց նրանց այնպիսի դիրքեր է հանձնել, որ նրանց բացարձակ պետք  չէր Սյունիքից ինչ-որ հողակտոր տրամադրել։ Թշնամին այդ դիրքերից կարողանում է վերահսկել ընդհանուր իրավիճակը։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, մենք ունենալու ենք ՀՀ անկախության անկում, նա իր իշխանությունը պահելու համար պատրաստ է կործանել Հայաստանը»,- շեշտեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչը շատ գերտերություններ իրենց շահի տեսանկյունից ուղղակի երազում էին։

Տեսանյութեր

Լրահոս