Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան ՌԴ աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով
Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին:
Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնեն ավելի անվտանգ ու արագ:
Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Այդ հարցով Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը և պատասխանը չի ուշացել:
Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «Կամազ և Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿԱՄԱԶ» ավտոկրունկով:
Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որոկի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:
Ռուս սակրավորական ջոկատները ևս ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:
Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և իհարկե որոնողափրկարարական աշխատանքներին միջամտելու և կազմակերպելու համար առանձնապես շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: