«Համբարձումյանն ո՞վ է, որ պետք է ասի՝ շուռնուխեցին կամ որոտանցին թուրքի հողում են». Շուռնուխի գյուղապետը՝ իմքայլական պատգամավորին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում և մի շարք համայնքներում ստեղծված իրավիճակին՝ ասել էր. «Եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։
168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն անդրադառնալով պատգամավորի այդ հայտարարությանը՝ հեգնեց, որ Կարեն Համբարձումյանը «ամենաճիշտ» պատգամավորն է։
«Ես երբեք խորհրդարանում նման կարգի «ճիշտ» պատգամավոր չեմ տեսել, ինքն ինչ ասել է իր կարճ ուղեղով, մենք կընդունենք։ Եթե ինքը կարողանում է այդքան հայտարարություններ անել… Համբարձումյանն ո՞վ է, ո՞ւմ շունն է, որ պետք է ասի՝ շուռնուխեցին կամ որոտանցին թուրքի հողում են։ Այդ մարդը, որ ընտրվել է պատգամավոր, նրան օգնել են։ Նրան մարզպետ էին նշանակել, նայեք էլի, թե ինքն ով է եղել։ Եթե մարմնի վրա գլուխ կա, այդ գլխում ինչ-որ բան պետք է լինի, կապ չունի՝ ով է, մի բան նրա գլխում պետք է լինի, բայց այդ Համբարձումյանի գլխում որևէ բան չկա»,- եզրափակեց նա։