«Ցավոք, այդ ճանապարհը երկու հանրապետության սահման է եղել». Ազգային արխիվի նախկին տնօրենը՝ Որոտանի և Շուռնուխի ճանապարհի մասին

«Ես չգիտեմ, թե ադրբեջանցիների մոտ ինչ քարտեզ է, սակայն սահմանազատումների և՛ 1920-ական, և՛ 1930-ական, և՛ 1980-ական թվականների որոշումներ կան: Կան հատվածներ, որոնք որոշվել են 1920-ական թվականներին, կան հատվածներ՝ 1930-ական թթ., կան հատվածներ, որոնք որոշվել են 1985 թվականից մինչև 1988թ. հունվարն ընկած ժամանակահատվածում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նա նաև հիշեցրեց, որ եղել են վիճելի չհամարվող հատվածներ, որոնք այդպես էլ մնացել են՝ սկսած 1921 թվականից:

«Նախկին ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի և Նոր Բայազետի սահմանները նույնությամբ մնացել են, որովհետև վիճելի չեն եղել, իսկ այն հատվածները, որոնք եղել են վիճելի՝ չէի ասի, որ սահմանազատվել, բայց սահմանագծվել են 1920-ական, 1930-ական և 1980-ական թվականներին: Մինչև ԽՍՀՄ փլուզումը եղել է վարչական սահման, և ցանկացած օր կարող էին այս հատվածը վերցնել, տալ այն հանրապետությանը, նրանց հատվածն էլ վերցնել ու տալ մյուս հանրապետությանը. առանձին փոքր հատվածներ՝ սահմանի վրա, ելնելով տնտեսական շահավետությունից: Հետո սկսվեց արցախյան պատերազմը, ու այդ մասին ընդհանրապես չէին մտածում, իսկ հիմա նոր սկսել են մտածել: Բայց ասեմ, որ սահմանազատումը մեկ օրվա, մեկ ամսվա աշխատանք չէ, տարիներ է տևում: Երկու հանձնաժողովներ պետք է քայլեն և սանտիմետր առ սանտիմետր որոշեն, թե որ քարն ումն է կամ ումը չէ, ու նշաններ տեղադրելով՝ գնան: Դա լուրջ աշխատանք է: 30 տարի է անցել, Հայաստանն ու Վրաստանն անկախ պետություններ են ու մինչև հիմա սահմանազատում չեն իրականացրել կամ իրականացրել են որոշ հատվածներում, այն ավարտված չէ»,- նշեց Ազգային արխիվի նախկին տնօրենը:

Նրա փոխանցմամբ՝ ինչպես մենք ենք որպես հաղթող կողմ՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ (1993-94թթ.) առաջ գնացել, այնպես էլ այս անգամ ադրբեջանցիներն են արել:

«Խայտառակ պարտված կողմ ենք»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Ազգային արխիվի նախկին տնօրենն ընդգծեց՝ քարտեզները, որոնց վրա գրված են ռեալ սահմանները և վերջնական են, Գլխավոր շտաբի 1944-1945 թվականների քարտեզներ են:

Խոսելով վիճելի տարածքների մասին՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ, օրինակ, Սոթքի ոսկու հանքի հարցը վիճելի չի եղել:

«Մի հատվածն անցել է Ադրբեջանի տարածք, և 1944, 1985թթ. եղել է մի երկիր, Ադրբեջանը համաձայնություն է տվել իր տարածքից 500 հեկտարը ևս հանքարդյունաբերության համար օգտագործելու վերաբերյալ: Ես Ադրբեջանի այդ որոշումը մեկ ամիս առաջ տվել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ԱԳՆ-ին, Արդարադատության նախարարություն: Երկու բնակավայրերի՝ Որոտանի և Շուռնուխի ճանապարհը խնդիր է: Ցավոք, այդ ճանապարհը երկու հանրապետության սահման է եղել: Այդ ճանապարհով է անցել սահմանը, թե որ կողմով՝ չկա գրված: Այնպես որ՝ հիմա մեծ, ծանր աշխատանքի առջև ենք կանգնած»,- մանրամասնեց Ազգային արխիվի նախկին տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս