«Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել պետության ղեկավարներ». Սեյրան Օհանյան

Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին այսօր մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Իր խոսքի սկզբում նա նշեց` եթե ինքն առաջին անգամ է մասնակցում հանրահավաքին, չի նշանակում, որ կողմ է եղել այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում, կամ այն կառավարման համակարգին, որն այս 2.5 տարվա ընթացքում ձախողել է իր գործունեությունը բոլոր ոլորտներում:

«Տարիներ ի վեր ես ծառայել եմ ՀՀ-ին, ԱՀ-ին, ունեցել եմ գերագույն գլխավոր հրամանատարներ, որոնք ճանապարհ են անցել, կերտել են այսօրվա մեր 30 տարվա նորագույն պատմությունը: Բայց ինձ համար, միանշանակ, ամենագերագույն հրամանատարը մեր ժողովուրդն է եղել»,- նշեց նա:

Սեյրան Օհանյանն ասաց, որ չի պատրաստվում խոսել պատերազմից, քանի որ դրա ելքն ու ձախողումներն ակնհայտ են, ամեն դեպքում, որոշ հարցերի վրա կանգ առավ:

«Ստորագրված փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է: Եվ այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք և’ առօրյան, և’ հետագա մեր պետության զարգացումն ապահովել: Բայց միայն մի բան կարող եմ ասել` այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել: Պարտվել է իշխանությունը: Պարտվել է իշխանությունը` իր անգրագետ կազմակերպած գործողություններով: Պարտվել է իշխանությունը` ճիշտ չգնահատելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, և ճիշտ չդասավորելով ուժերն ու միջոցները: Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումներ: Միայն երկու վայրում մոտավորապես 20 կմ-ում է եղել ճեղքում, մխրճում հակառակորդի կողմից: Եվ ես համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնանտառային պայմաններում»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը:

Շարունակելով իր խոսքը, Արցախի հերոսը նշեց, որ կառավարման համակարգում երկարատև փորձառություն ունի, և, որ քաղաքական որևէ կուսակցության անդամ չէ, բայց մտահոգ է և ցանկանում է, որ փոփոխություններ լինեն ՀՀ-ում, որովհետև դրանք են հիմք հանդիսանում զարգացման համար:

«2018-ին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, մենք բոլորս աջակցում էինք նրա համար, որ զարգացման հիմքը փոփոխություններն են: Բայց այսօրվա իշխանությունները պիտի տեսնեին այն դրականը, որ եղել է 30 տարում: Այսինքն, մենք ունեցել ենք անկախ պետություն, արցախյան ազատամարտ, հաղթանակ, պետության բոլոր թևերի կայացում, համակարգային գործունեություն: Մենք տարբեր ժամանակահատվածներում ունեցել ենք հաջողություններ գյուղատնտեսության ոլորտում, արդյունաբերության մեջ: Նույնիսկ այսօրվա իշխանությունները գնացել և տարբեր գործարաններում կանգնել են և հպարտացել: 2.5 տարվա մե՞ջ այդ ամեն ինչը կառուցվեց, իհարկե ոչ; Մենք հպարտացել ենք մեր բանակով, 2.5 տարվա մե՞ջ այդ բանակը կառուցվեց: Մեր համատեղ ջանքերով այս 30 տարվա պատմության մեջ ենք կառուցել բանակը: Բանակի կառուցման ակունքներում մեր բազմադարյա  պատմական փորձն է, մեր զորավարների տաղանդը, մեր ֆիդայի ընկերների, ազատամարտիկների, երկրապահների և նաև այսօրվա բանակի հրամանատարների ու զինվորների գործունեությունը: Եթե մենք ուզում ենք տեսնել հաջողություն, կարող ենք տեսնել, բայց եթե միայն ուզում ենք տեսնել բացասականը, փորձում ենք ոչնչացնել այն բոլոր դրականը, որ այս 30 տարիների ընթացքում տեղի է ունեցել: Եվ ինչ տեսանք` քաղաքական շանտաժներ, հետապնդումներ: Իրենց անցած ճանապարհին այսօրվա իշխանություններն ունեին առաջին, երկրորդ, երրորդ նախագահների գործունեությունը, և նրանք կարող էին տեսնել և’ դրականը, և’ բացասականը, և համապատասխան հետևություններ անեին: Մենք ձախողեցինք արտաքին քաղաքականությունը, խնամի-ծանոթ-բարեկամ գաղափարով նշանակումներն այս ժամանակահատվածում ավելացել են: Աննպատակ, անփորձ մարդկանց նշանակումներն ավելացել են այս 2.5 տարվա ընթացքում»,- շեշտեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ մարդկային ռեսուրսների կառավարման հարցում մանրախնդիր մարդիկ չեն կարող լինել պետության ղեկավարներ: Իսկ մանրախնդիր են միայն անփորձ մարդիկ, փորձառու մարդիկ են լինում մեծահոգի, որոնք բոլորին զարգանալու շանս են տալիս:

«Ազատ խոսքի իրավունք ունի յուրաքանչյուրը, բայց հենց մեկն ազատ խոսք ասեց, մեր իրավապահ մարմինները կանչում են տարբեր իրավական գործընթացների մեջ ներառելու համար: Մեզ պետք են փորձառու մարդիկ, իսկ այդ փորձը հենց այնպես չի առաջանում: Այդ փորձը 2.5 տարվա ընթացքում չեն ստեղծում, 2.5 տարվա ընթացքում կարելի է միայն փոխադրվել բուհի երրորդ կուրս: Մենք շատ դեպքերում գործ ունենք երրորդ կուրսի ուսանողների հետ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ըստ Օհանյանի, ոչ միայն պատերազմի ելքն է ստիպում պահանջել այս իշխանության փոփոխությունը, այլ նրանց ոչ արդյունավետ կառավարումը, քանի որ այս դեպքում նման պարտությունները շարունակական են լինելու, ուստի պետք են փորձառու մարդիկ: Նրա խոսքով՝ այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, Ադրբեջանի պարտադրմամբ, նույնն այլ մարզերում կարող է լինել:

Նա ասաց, որ չի կարելի սահմանազատում իրականացնել այնպես, ինչպես արվում է այսօր: Պետք է հարևան պետության հետ խառը հանձնաժողով ստեղծվի, որը քարտեզի վրա պիտի աշխատի, որից հետո արդեն պետք է սկսվի դեմարկացիայի գործընթաց` այդ աշխատանքների արդյունքները կառավարությունների կողմից հաստատումից հետո:

«Այն սահմանային մոտ շփման գծերը, որոնք մեզ համար անվտանգություն են պարունակում, դրանց հանձնումը կարող ենք հետաձգել, դրանց հետ կապված կարող ենք բանակցել: Ինչի ենք մենք արագ գնում դրան: Թող կառավարությունում նստած մարդիկ գան՝ ժողովրդին բացատրեն»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Գեներալը խոստացավ, որ, եթե ժամանակավոր կառավարությունը գա իշխանության, որևէ հետապնդում չի իրականացնելու, և, որ ինքը պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս