«Նա նույնիսկ եկեղեցի է թիկնապահներով մտնում». Արա Հակոբյան
«Պետությունն ազգաբնակչությանն ընդհանուր առմամբ պետք է երեք բան ապահովի՝ անվտանգություն, արդարություն և ազատություն: Եվ այդ երեք սյան վրա կարելի է կառուցել երկրի կայուն զարգացումը և երկրի քաղաքացիների արժանապատիվ կենսակերպը և բարեկեցությունը: Հիմա՝ փորձենք հասկանալ, այս դրույթներից որում ինչ ունենք այսօրվա Հայաստանում»,- Հանրապետության Հրապարակում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
Նա հերթով անդրադարձավ իր նշած դրույթներին. «Անվտանգություն. մենք թշնամու հետ ունեցանք պատերազմ, խայտառակ պարտություն կրեցինք, և իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեց:
Մենք ունեցանք մեր երկրի՝ Արցախ երկրամասի տարածքի մոտ 75 տոկոս կորուստ, ունեցանք 5000-ից ավել զոհված զինվորներ, մենք ունեցանք անհայտ թվի, ասում են՝ հազարավոր գերեվարվածներ, 10 հազար վիրավորներ: Շարունակում ենք կորուստներ ունենալ արդեն ՀՀ-ում՝ որպես տարածք, զոհվածներ, գերեվարվածներ:
Մենք չունե՞նք անվտանգություն. մեր անվտանգությունը տապալված է: Մենք սա՞ էինք սպասում այս իշխանությունից:
Ազատություն. Ի՞նչ ազատության մասին կարող է խոսք լինել, երբ մոտ մեկ տարի է՝ մենք գտնվում ենք տարբեր արտակարգ և ռազմական դրությունների մեջ, և այդ դրություններն օգտագործում են մեզ՝ մեր ազատ խոսքից, մեր ազատ տեղաշարժից, մեր ազատ կենսակերպից զրկելու համար:
Ասում են՝ արտակարգ դրություն էր, որովհետև ունեինք պանդեմիա. բա այդ արտակարգ դրությունը, եթե պանդեմիային պետք է օգներ, որ մեր առողջապահական վիճակն այլ լիներ, ինչո՞ւ ենք մենք անընդհատ աշխարհի վատագույն տասնյակում, եթե ոչ՝ հնգյակում: Սո՛ւտ է դա:
Եթե ռազմական դրությունը պահպանվում է նրա համար, որ մենք պատերազմում հաղթանակ ունենայիք, ապա ինչո՞ւ մենք ունեցանք կապիտուլյացիա:
Այդ դրություններն օգտագործվում են՝ մեր ազատությունը, այն ազատությունը, որով մենք կարող ենք այս իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին զրկել իրենց այդ լծակներից և փափուկ աթոռներից, սահմանափակելու համար:
Արդարություն. Ի՞նչ արդարության մասին է խոսքը, երբ գալիս էր Նիկոլ Փաշինյանը, ասում էր՝ արդար է լինելու, կոռուպցիայի դեմ պայքար է լինելու, մենք վերցնելու ենք այն փողերը, որոնք գողացվել են երկրից և պետությունից և դրանով բարեկեցությունն ենք ապահովելու ձեր: Ասում են՝ 100 միլիոնից ավելի դոլար փող են իրենք վերցրել, այսպես կոչված, կոռուպցիոն գործերից, բայց դրանից ավելի պարգևավճար են տվել. եթե մարդկանց թոշակը 5-10 հազարով բարձացնում էին, իրենց աշխատավարձերը 3-4 անգամ էին բարձրացրել, դա՞ է արդարությունը: Ո՞րն է արդարությունը, երբ իրենք այսօր շարունակում են իրենց պարգևավճար վճարել, իսկ մեր զինվորները գերեվարված են, թուրքի ձեռքի տակ են, սպանվում են»:
Ամփոփելով խոսքը՝ Արա Հակոբյանը վստահեցրեց, որ իրավիճակից կա մեկ լուծում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Նիկոլ Փաշինյանը այնքան է վախեցած, որ էլ ի՞նչ բարեկեցություն, էլ ի՞նչ կայուն զարգացում մեր երկրի. նա մեկ խնդիր է լուծում ՝ իր օր ավել մնալը: Նա նույնիսկ եկեղեցի է թիկնապահներով մտնում. դա և ոչ ոք չի արել՝ նույնիսկ իրենց սիրած մոնղոլ-թաթարները:
Եվ որպեսզի մեր երկիրն ապագա ունենա, զարգացում ունենա, որպեսզի մեր երկրում լինի անվտանգություն, լինի ազատություն, լինի արդարություն, մի նախապայման կա՝ մեկ ընդամենը՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանախմբով պետք է հեռանա, կամ՝ մենք նրանց հեռացնենք: Եվ ուրեմն՝ առա՛նց Նիկոլ Հայաստան»: