«Տղերք, դու չե՞ք հասկանում, որ այն բոլոր հրամանները, որոնք դուք ստանում եք՝ հատուկ են արված». Վիգեն Ստեփանյանը՝ ոստիկաններին
Հանրապետության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն այսօր հայտարարեց, որ առկա իրավիճակում պահանջը մեկն է՝ արդարություն։
«Ես կյանքիս մեջ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, չեմ հետապնդել որևէ շահ և չեմ սպասարկել որևէ մեկի շահերը։ Իմ շահը մեկն է՝ իմ քաղաքը՝ Երևանը, իմ Հայաստանը և տեր Աստված։ Ուզում եմ դիմել մեր ոստիկաններին՝ տղերք, դու չե՞ք հասկանում, որ այն բոլոր հրամանները, որոնք դուք ստանում եք՝ հատուկ են արված, որ ծնեն ատելություն ժողովրդի մեջ ձեր նկատմամբ։ Ժողովուրդը համբերատար է, կսպասի, բայց դուք մի խանգարեք մեր երկրի այն արդար ընթացքին, որոնք հետապնդում ենք բոլորս, մենք ուզում ենք միայն վերադարձնել Հայաստան աշխարհին հավատք դեպի հայրենիք ու տեր Աստված։ Որևէ մեկս աթոռ, շահ չի հետապնդում, մենք ուզում ենք շտկվել այդ խայտառակ համաձայնությունից հետո և հպարտ հայացքով նայենք ապագային»,- հարթակից ասաց Վիգեն Ստեփանյանը։
Նա ոստիկաններին ուղղված իր խոսքում մեկ անգամ էլ շեշտեց, որ իրենց նկատմամբ ատելությունը ժողովրդի կողմից իշխանությունները հատուկ են սերմանում։
«Եթե Հայաստան աշխարհում բոլորս կարողանանք անխտիր վերադարձնել հավատը մեր ուժերի նկատմամբ՝ կհաղթենք, եթե ամեն մեկս մեր փափուկ տեղերում նստենք, ապա ոչինչ չի ստացվելու։ Մենք պետք է զգանք մեր ընկերոջ, թեկուզ անծանոթ ընկերոջ թիկունքը, մեկ մատը լոկ մատ է, իսկ հինգ մատը՝ բռունցք, ուրեմն՝ բռունցքվենք մեր հայրենիքի համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահաջով հանրահավաքի մասնակիցների մի մասը երեկ գիշերել էլ Հանրապետության հրապարակում։