«Չենք կանգնելու ոչ մի բանի առաջ. նժարին կորսված ու ամեն օր կորսվող հայրենիքն է». Գեղամ Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» Հանրապետության հրապարակում վերսկսել է հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ երեկվա հանրահավաքից հետո իրավապահները միանգամից անցել են գործի, որը ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը պաշտպանելը չէ, ինչի համար նրանք տվել են սպայական երդում։

«Նրանք անցել են գործի, որպեսզի ևս մեկ օր ծառայեն մեր վարչապետի աթոռը զբաղեցնող ազգադավ մարդուն։ Հանրահավաքից հետո իրավապահ կառույցները  շտապեցին իրար հերթ չտալով՝ հայտարարություններ անել։ Ոստիկանությունը մեջբերեց Իշխան Սաղաթելյանի խոսքերը և ասաց, թե անթույլատրելի է, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին ստիպել որևէ քայլ անել, Իշխան Սաղաթելյանին հիշեցրեց 3-10 տարվա բանտարկություն։ Ոստիկանությունը մոռացավ ասել երկու բան, նախ՝ երկու տարի առաջ նույն այս իշխանությունը երբ շրջափակում էր ԱԺ-ն, այդ օրն արդեն այս շենքում նստած մարդու դեմ նույն տրամաբանությամբ պետք է հարուցեին քրեական գործ։ Երկրորդը՝ նրանք չեն հասկանում, որ մեր ժողովուրդը կրել է այնպիսի կորուստ՝ հանձին հայրենիքի, որ 2 կամ 10 տարվա բանտարկությամբ մարդկանց չեն կարողանում վախեցնել, իրենց արշինով թող մարդկանց չչափեն»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Նա վստահեցրեց՝ կպայքարեն՝ որքան պետք է, կնստեն, որքան անհրաժեշտ է, բայց կհասնեն նրան, որ ազգադավ իշխանությունը վարչապետի գլխավորությամբ հեռանա։

ՀՅԴ ներկայացուցիչ  Մանուկյանը նաև հիշեցրեց, որ երկու օր է՝ իշխանությունները հերթով քրեական գործեր են հարուցում ու բերման ենթարկում Հայաստանի ողնաշարը հանդիսացող՝ Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարների։

«Մենք ուժեղ էինք Արցախով, դա կոտրեցին, հիմա էլ ուզում են Սյունիքը կոտրել, քրեական գործեր են հարուցել Գորիսի ու Քաջարանի քաղաքապետների նկատմամբ, բայց պետք է հասկանան, որ նրանք վախեցող չեն, նրանք Նժդեհի Սյունիքի քաղաքապետներն են»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս