Իշխանությունները՝ և՛ ՀՀ-ում, և՛ ԱՀ-ում, մեծ անելիքներ ունեն՝ փաստագրելու, փաթեթավորելու Ադրբեջանի կողմից հասցված վնասները. Արցախի ՄԻՊ  

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե միջազգային իրավական առումով որքանով է հիմնավոր Իլհամ Ալիևի՝ 50 միլիարդ դոլարի պահանջը, պատասխանեց.  «Ես միանշանակորեն չեմ կարող ասել, թե որքանով է հիմնավոր Ալիևի հայտարարությունը՝ 50 միլիարդ դոլարի մասով: Տեղյակ եմ, որ նրանք տարիներ շարունակ միջազգային փորձագետներ են  հրավիրել, տարբեր հետազոտություններ, հաշվարկներ էին կատարում, այսինքն՝ ակնհայտորեն իրենք փաթեթներ պատրաստել են: Չեմ կարող ֆինանսական առումով գնահատել, թե ինչ վնասի մասին է  խոսքը, բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ սա գլխավորապես կիրառվում է քարոզչական նպատակներով: Քարոզչական թեզ է, ու մեր հասարակության ու մեր որոշում կայացնողների վրա հոգեբանորեն ճնշում գործադրելու համար է, միգուցե նաև՝ քաղաքական բանակցություններում փոխզիջումների շեմը բարձրացնելու համար է, որպեսզի հնարավոր լինի լրացուցիչ թեմա գտնել ու բանակցություններում որպես խաղաքարտ օգտագործել»:

Արցախի ՄԻՊ-ը, սակայն, հավելեց, որ ակնհայտ է՝ պատերազմական գործողությունների ընթացքում, և հատկապես 90-ականներին, բնականաբար, պետք է նյութական վնասներ լինեին, և այդ վնասները երկկողմանի են եղել և՛ հայկական կողմում, և ՛ ադրբեջանական կողմում՝ դա ևս ակնհայտ է.

«Այն, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ՝ Ադրբեջանի բնակիչ հայեր, իրենց տները լքել են՝ առանց որևէ բան տեղափոխելու այստեղ, որևէ հնարավորություն չունենալով, ուղղակի մազապուրծ փախել են, դա էլ  է ակնհայտ: Այսինքն՝ եթե Ադրբեջանը խոսում է վնասների մասին, պետք է խոսի երկկողմանի վնասների մասին:

Իհարկե, այստեղ հայկական իշխանությունները և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախի Հանրապետությունում  մեծ անելիքներ ունեն, շատ լուրջ փաստագրելու, փաթեթավորելու այդ վնասները՝ Ադրբեջանի կողմից հասցված և՛ 90-ականներին, և՛ հիմա: Եվ սա պետք է կիրառել բանակցություններում, որովհետև մարդիկ շատ լուրջ վնասներ են կրել,  և պետությունն է շատ լուրջ վնասներ կրել»:

Անդրադառնալով այս պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության կրած նյութական վնասներին՝ նա նկատեց, որ դժվար է հստակ թիվ ասել. «Բայց մեր հաշվարկներով՝ ավելի քան 15 000 տուն և բնակարան է վնասվել ադրբեջանական թիրախավորման հետևանքով։ Չենք  կարող ասել՝ բռնազավթումից հետո ինչ է կատարվել, դրանք չենք հաշվում, որովհետև տարբեր տեղեկություններ ու ապացույցներ ունենք, որ շատ տեղերում, օրինակ, վառել են մեր տները կամ այլ վնասներ են հասցրել։

Շուրջ 3500-4000 ենթակառուցվածքային միավոր և հանրային նշանակության օբյեկտներ են վնասվել, ներառյալ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակույթի տներ և այլն։ Այստեղ կրկին չենք հաշվարկում իրենց ենթակայության տակ մնացած օբյեկտները։ Ավելի քան 2500 տրանսպորտային միջոց, մեքենա է լրջորեն վնասվել կամ ոչնչացվել,- ասաց Արտակ Բեգլարյանը, ապա խոսքը եզրափակեց փաստելով,- Ակնհայտ է, որ շատ լուրջ վնասներ են հասցվել տնտեսությանը. անզեն աչքով, տարբեր փորձագետների գնահատմամբ՝ ուղիղ վնասը մոտավոր մինչև 2 միլիարդ դոլարի կարող է հասնել, ինչը շատ մեծ վնաս է, այսինքն՝ ԱՀ տարեկան ՀՆԱ-յի մի քանի անգամը»։

Տեսանյութեր

Լրահոս