Կհայտարարվի ևս 100 վերելակի փոխելու համար մրցույթ
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն ավագանու նիստի ընթացքում հարց բաձրացրեց, թե անցած տարի Հրազդանի կիրճը մաքրելու համար նախատեսվել էր մոտ երկու միլիոն դրամ գումար, արդյո՞ք այս տարի ևս նախատեսված է հանգստի այդ հրաշալի գոտին մաքրելու և վերականգնելու համար ավելի շատ գումար հատկացնել: Նա անդրադարձավ նաև Երևանյան լճի ոչ բարվոք վիճակին՝ ընդգծելով, որ իր կարծիքով՝ շատ մեծ ներդրումներ են պետք՝ լճի շրջակայքը հասարակության համար հասանելի, զբոսանքի վայր դարձնելու համար:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ չգիտի, թե 2 միլիոն դրամը որ հոդվածով է նայել, բայց Գետառի մաքրման աշխատանքներ են կատարվում:
«Աղբը լցնում են Գետառ, և տարբեր տեղեր խցանումներ են լինում ու պարբերաբար մաքրման աշխատանքներ են իրականացվում: Երևանյան լճի և Հրազդան գետի ամբողջ երկայնքով բավական մեծ քանակությամբ եղեգ կա աճած, ճահճացման գործընթաց է սկսվում, այս տարի աշխատանքներ ենք իրականացրել, որ տարբեր հետազոտություններ ունենանք, ու 2 միլիոն դրամ չէ, բայց այս տարի մոտ 5 միլիոն դրամի շրջանակներում բյուջեում ունենք նախատեսված գումար: Պետք է ձեռք բերենք համապատասխան թունաքիմիկատներ, սա համաձայնեցրել ենք Շրջակա միջավայրի նախարարության, տարբեր գիտական կենտրոնների հետ: Սա հնարավորություն կտա եղեգի չորացման աշխատանքներ իրականացնել վաղ գարնանը, որից հետո հոկտեմբերին կամ նոյեմբերին կդիմենք կառավարություն, որպեսզի մեզ տրամադրեն այն բնապահպանական վճարը, որը մոտ 3-4 տարի չի օգտագործվել»,- մանրամասնեց Հրաչյա Սարգսյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը շարունակելով գործընկերոջ խոսքը՝ հայտնեց, որ 2020թ. ցուցանիշը եղել է 4 միլիոն դրամ, ընթացիկ տարում բյուջեն ավելացրել են՝ հասցնելով 9 միլիոն դրամի՝ Հրազդանի կիրճում և Երևանյան լճում բարեկարգման և մաքրման աշխատանքների, մետաղյա արգելապատնեշների վերանորոգման համար:
Արթուր Իսպիրյանն արձագանքեց, թե Հրազդանի կիրճում ստեղծված վիճակի համար մեղավոր են նաև ռեստորանային համալիրները, նրանք էլ պետք է գումարային մասնակցություն ունենան մաքրման աշխատանքներում
«Վատ միտք չեք ասում իրականում»,- նկատեց քաղաքապետը:
Ավագանու մեկ այլ անդամի՝ Գրիգոր Երիցյանին էլ հետաքրքրում էր վերելակային տնտեսության համար նախատեսված գումարի չափը, ինչպես նաև, թե քանի վերելակ է փոխվելու:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ 304 վերելակ ԱԻՆ փորձաքննություն է անցել: «304-ն արդեն փոխարինված են, 175-ի հետ կապված աշխատանքներ են տարվում: Մեր կապալառուն խոսք է տվել, որ մինչև Ամանոր կհանձնեն բնակիչներին: Հուսով եմ, որ մրցույթը շահած ընկերությունը կկատարի իր խոստումը, և Ամանորին կունենանք 475 փոխարինված վերելակ: 25 վերելակ լինելու է մինչև հունվարի 15-ը: Մրցույթը շահած ընկերությունը մինչև դեկտեմբերի 20-ը պետք է հասցներ բոլոր աշխատանքներն ավարտել, բայց իրենց աշխատակազմից շատերը մեկնել էին ռազմաճակատ, ու այդ պահին աշխատանքները կանգ էին առել: Ուշացումների այլ պատճառներ էլ կան և դրանց համար ընկերությունն ըստ օրենքի պետք է տուգանվի: Մինչև հունվարի կես 500 վերելակները պետք է հանձնված լինեն: Այս շաբաթ կհայտարարենք ևս 100 վերելակի փոխարինում, որը կլինի 2021թ.: 5 լոտով է դրվում, որ մասնակիցները շատ լինեն»,- նշեց նա: