Բաժիններ՝

«Կտրականապես դեմ եմ աշխատավարձի փոխարեն պարգևավճար տալու ձևաչափին». ավագանու անդամ

Երևան քաղաքի 2021թ. բյուջեն հաստատելու մասին հարցն այսօր ներկայացվեց ավագանու նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը մանրամասն ներկայացրեց բյուջեի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերը. մասնավորապես, 2021 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 92,420,288.7 հազ. դրամի չափով` 2020 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 107,146,776.5 հազ. դրամի փոխարեն: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2019 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 17,389,615.0 հազ. դրամով կամ 23.18 %-ով:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 30,693,825.7 հազ. դրամ՝ 2020 թվականի համար նախատեսվածից 3,673,576.1 հազ. դրամով ավելի, իսկ 2019 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 5,690,910.2 հազ. դրամով կամ շուրջ 22.76%-ով ավելի: Ծրագրվել է նաև հարկային եկամուտների աճ,  հարկային տուրքերի նախատեսվածից ավելի շատ մուտք, և այլն: Նվազել է քաղաքապետարանի ծախսերի համար նախատեսված սահմանը:

Նախագծի ծախսային մասը պակաս է 2020 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ծախսային մասից 15,482,822.0 հազ. դրամով: Բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո Երևանի քաղաքապետի տեղակալին պարգևավճարների մասին հարց ուղղեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը, նրան մասնավորապես հետաքրքրում էր,  թե որքան գումար է դրա համար նախատեսվել: Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց, որ 2021թ.պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1 միլիարդ 23 միլիոն դրամի չափով, որը նախորդ տարվանից պակաս է շուրջ 49 տոկոսով:

Տիգրան Գալստյանը շարունակեց միտքը՝ ասելով. «Ես կտրականապես դեմ եմ աշխատավարձի փոխարեն պարգևավճար տալու ձևաչափին, որի համար մեզ մամուլում շարունակաբար քննադատում են, ու մենք անընդհատ բացատրում ենք, որ դա իրականում աշխատավարձ է: Կարծում եմ՝ պետք է դրսևորենք քաղաքական կամք, աշխատավարձը բարձրացնենք 30, 50 և 100 տոկոսի չափով՝ ըստ պատասխանատվության չափի: Առաջարկում եմ նաև՝ քաղաքապետի տեղակալների, խորհրդականների, վարչական շրջանների ղեկավարների, վարչության պետերի տեղակալների աշխատավարձը բարձրացնել 100 տոկոսով, բաժնի պետերի, տեղակալների աշխատավարձը՝ 50 տոկոսի չափով, իսկ քաղաքապետարանի մյուս աշխատակիցներինը՝ 30 տոկոսի չափով: Հարցս այսպես ձևակերպեմ՝ ինչո՞ւ աշխատավարձի տեսքով չենք տալիս պարգևավճար»:

Երևանի քաղաքապետի տեղակալը պատասխանեց.

«Ներկա դրությամբ գոյություն ունեն հաստիքային աշխատավարձեր: Մարդիկ, ովքեր պայմանագիր են կնքել, անցել են աշխատանքի, ունեն ֆիքսված գումարներ, բացի այդ, նաև ստացել են պարգևավճարներ: Այսինքն, այս պահի դրությամբ մենք ուղղակի չենք կարող մեր կամքով դա դիտարկել՝ որպես աշխատավարձ: Դրա համար հարկավոր է, որպեսզի նախագիծ մշակվի՝ աշխատավարձերի հետ կապված: Այո, աշխատավարձի բարձրացումը բոլոր աշխատակիցների համար առաջնային խնդիրներից մեկն է, քանի որ բոլորը տեղյակ են՝ ամբողջ պետական համակարգում ամենացածր  պայմանագրային աշխատավարձը քաղաքապետարանում է»:

Տիգրան Գալստյանն ասաց, որ մինչև փետրվար նախագիծ կմշակեն, որ աշխատավարձը բարձրանա, որն ավելի ճիշտ գործելաոճ կլինի, քան աշխատավարձի փոխարեն պարգևավճար տալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս