Ոստիկանները թմրավաճառի են հայտնաբերել․ նա կալանավորվել է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի մի բնակիչ պահում և օգտագործում է ափիոն տեսակի թմրամիջոց։
Դեկտեմբերի 14-ին նույն ստորաբաժանման ծառայողները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ իրացնելով ստացված տեղեկությունը, Մոլդովական փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 39 և 40 տարեկան երկու բնակչի՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։
39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 13 գրամ ափիոն, իսկ մեքենայի բեռնախցիկից՝ դեղնավուն հեղուկով թափանցիկ տարա։
«Շարունակեցինք օպերատիվ-հետախուզական միջացառումները՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է ձեռք բերվել թմրամիջոցը։ Պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկին Աբովյան փողոցում ափիոնն իրացրել էր մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Ճշտեցինք կասկածյալի գտնվելու վայրը և Արմավիրի մարզի շուկաներից մեկից, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանություն»,- նշեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզույան բաժնի ավագ օպերլիազոր Հրաչ Միրոյանը։
Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև 56-ամյա տղամարդու տանը։ Ննջարանում հայտնաբերվեց «ՏՕԶ» երկփողանի հրացան։
Նշանակվել են փորձաքննություններ։
Մայրաքաղաքի 56-ամյա բնակիչը կալանավորվել է։
Կատարվում է քննություն։