Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կվերսկվեն
Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերանորոգման, վերականգնման աշխատանքները կշարունակվեն: Շինարարական աշխատանքները դադարեցվել էին երկու հիմնական պատճառով՝ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված փոխվեցին առաջնահերթությունները, զորակոչվեցին շինարարական բրիգադների մասնակիցները: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը որոշում է կայացրել ապահովել մնացած գումարի ամբողջական ֆինանսավորումը: Առաջիկա օրերին գումարն ամբողջապես կհատկացվի շինարարական կապալառու կազմակերպություններին, արդյունքում ոչ միայն աշխատանքները կվերսկսվեն, այլև ամբողջությամբ կվճարվեն կրեդիտորական պարտքերը:
«Երբ կապալառու կազմակերպությունները կստանան ֆինանսավորումը, իմ հանձնարարությամբ ձեռնամուխ կլինեն այն խնդիրների լուծմանը, որոնք խանգարում են բնակիչների կենսապահովմանը: Ասեմ, որ կան որոշ աշխատանքներ տներում, բայց հիմնականում մնացել են փողոցային հարդարման, ցանկապատների, դարպասների հետ կապված հարցերը, որոնք կտեղափոխվեն հաջորդ տարի: Աշխատանքների ամենամեծ ծավալն Այգեպար գյուղում է, որտեղ մի քանի տասնյակ տներ գրեթե հիմնովին վերանորոգվել են, երկրորդը՝ Ներքին Կարմիրաղբյուրն է: Չինարիում զրոյից նոր տուն է կառուցվում, որի արտաքին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ասեմ, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մի քանի կրթական հաստատություններում: Սահմանային գյուղերում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բնակչության պատսպարման հնարավորությունների հետ կապված»,-ասաց մարզպետը: Հուլիսյան մարտերից տուժել են Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերը: Հրետակոծություններից հետևանքներ են եղել Մովսեսում և Բերդ քաղաքում: Ընդհանուր առմամբ, հուլիսյան մարտերից հետո վերականգնման բոլոր ծրագրերի ֆինանսավորումը գերազանցում է 400 մլն-ը:
Պատերազմից հետո մարզում որքանո՞վ են փոխվել առաջնահերթությունները: Հայկ Չոբանյանի խոսքով, առաջնահերթություններն առանձնապես չեն փոխվել: Դրանք մնացել են նույնը: Նա ընդգծեց, որ պատերազմից առաջ նույնպես զբաղված էին մարզի անվտանգային համակարգի բարելավման գործով՝ պատսպարում, իրազեկում, լոգիստիկ համակարգ և այլն: Այդ համատեքստում նա կարևորեց աշխարհազորի ստեղծումը:
«Անվտանգային համակարգի տեսանկյունից ոչ պակաս կարևոր է տնտեսական խնդիրների լուծումը, որովհետև դրանք ուղղակիորեն կապված են ոչ միայն եկամուտներ ապահովելու հետ, որոնք հնարավոր կդարձնեն մեր պաշտպանական համակարգերի բարելավումը, այլև դա ուղղակիորեն ազդում է սահմանում ապրող մարդու կեցության, ապրելու հաստատակամության վրա»,-ասաց նա:
Այս առումով մարզպետը կարևորեց հանրային ակտիվությունը, որը դրսևորվեց հուլիսյան օրերին, ինչպես նաև սեպտեմբերին մեկնարկած պատերազմի ընթացքում, երբ կազմակերպություններ, անհատներ, իրենց ուժերով, միջոցներով կարողություններով ներգրավվում են տարբեր խնդիրների լուծման գործում: Մարզպետի խոսքով, դա շատ մեծ արժեք է, որը պետք է պահպանել: Ահա այդ հանրային ակտիվության շրջանակում է, որ հնարավոր եղավ տարբեր բարեգործական կազմակերպությունների, անհատների հետ պայմանավորվել ենթակառուցվածքային, մասնավորապես, ոռոգման ծրագերի իրականացման հարցում: Մարզպետն ուրախությամբ նշեց, որ երկու ծրագիր այդ ուղղությամբ ամբողջությամբ ավարտվել է: Սա լուրջ տնտեսական արդյունք է գյուղերում ապրող հարյուրավոր ընտանիքների համար:
Հայկ Չոբանյանը նկատեց, որ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կատարվեցին թե նախորդ տարի, թե այս տարի: Շարունակվել են աշխատանքները սահմանամերձ գյուղերում:
«Օրինակ, Մովսես գյուղում առաջին փուլն ավարտեցինք, սկսեցինք երկրորդը: Ոչ միայն գյուղ տանող, այլև համայնքի ներսի ճանապարհներն են բարեկարգվել: Այս տարի մի քանի պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես բարեկարգվեցին: Ճանապարհաշինարարական ծրագրերում ընդգրկված են եղել թե քաղաքային, թե գյուղական համայնքները: Իրականացվել են նաև միջպետական հատվածների շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, այս տարի շարունակվել է բարեկարգումը Ալավերդուց դեպի Վրաստանի սահման»,-ասաց մարզպետը:
2020 թվականին ճանապարհաշինարարական աշխատանքների գումարի ընդհանուր ծավալը 6.5 մլրդ է: