Ինչ է անելու Գլխավոր դատախազը ապօրինի ճանաչված և բռնագանձված գույքի հետ
Կառավարությունը շարունակում է արագորեն մշակել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից բխող գործողությունների փաթեթը։
Պատերազմական 44-օրյա գործողությունների պատճառով հետաձգված նիստերը Կառավարությունը վերսկսեց պատերազմի ավարտից հետո, օրակարգում ընդգրկելով շուրջ հինգ տասնյակ հարց, որոնց մեծ մասը՝ չզեկուցվող, իսկ դրանցում պարտադիր ներառված էին վերը նշված օրենքի կիրառումն ապահովող նախագծեր։
Նախագծերից մեկով արդեն հաստատվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը։
Ըստ այդ կարգի՝ պետության տիրապետությանը հանձնված գույքը հավատարմագրային կառավարման է հանձնում Դատախազությունը։
Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու համար մրցույթը անցկացնելու է դատախազությունը՝ գլխավոր դատախազի հրամանով: Հավատարմագրային կառավարման պայմանագիրը ևս կնքելու է դատախազությունը մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ էլ ընդունել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի նմուշային ձևը և հաստատել լրացման կարգը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ է նշանակվել Սրբուհի Գալյանը, որի համար աշխատանքային համապատասխան պայմանների ստեղծման նպատակով պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենա է գնվել՝ ծառայողական նպատակով:
Ավելին՝ Սրբուհի Գալյանն առանձին նստավայր կունենա, որի կառուցման համար դատախազությունը ավելի քան 50 մլն դրամ գումար է տրամադրել, և Գալյանը կաշխատի Դատախազության շենքից դուրս՝ Երկթագծի վարչության շենքի հարևանությամբ գտնվող մասնաշենքում, որը վերանորոգում են նրա նստավայրը դարձնելու համար: