«Չպետք է կուլ գնանք ալիևյան սադրանքին»․ ադրբեջանագետ

Քարվաճառի անկումից հետո Դադիվանքի վանական համալիրը դեկտեմբերի 14-ին ընդունեց ուխտավորների։ Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել էին Դադիվանք։ Իսկ երբ ուխտավորներ չկան, վանքի լռությունը խախտում են ռուս զինվորականները․ մոմեր են վառում, աղոթում:

Դեկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներն «Ուդիները վերադարձան» վերտառությամբ տեսանյութեր էին տարածում հայ միջնադարյան վանական համալիրից՝ Դադիվանքից՝ կից գրառումներում նշելով, որ վանքի քարոզիչ է նշանակվել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանագարին։ «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ սա ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից էր կատարված, իսկ նպատակը մեկն էր՝ սադրել հայ հասարակությանը, ստեղծել լարվածություն:

«Ադրբեջանական, թուրքական դրոններով նկարել էին Դադիվանքը՝ ասելով, որ դա իրենցն է: Գալ, նկարվելն ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից էր կազմակերպված, իսկ այդտեղ այցելածները հոգևորական աստիճան չունեին, ընդհանրապես եկեղեցական չէին, ընդամենը հասարակական կազմակերպության անդամ են, որը ստեղծվեց 2003 թվականին՝ հատուկ նպատակներով, այն է՝ մեր եղբայրական ուդի ժողովրդին օգտագործել մեր դեմ իրականացվող քարոզչական պատերազմում: Տրանսպորտով այդ հասարակական կազմակերպության անդամներին բերում են, հետո տանում պատիվ են տալիս, նրանք էլ ուրախ են, ժամանակ են անցկացնում ու փող են վաստակում:

Իսկ բուն ուդիները Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են եղել մինչև 1988-90թթ․, երբ արդեն այնտեղ անհնար էր հայկական եկեղեցու գործունեությունը: Նրանք հայերի հետ հավասարապես տուժել են Ադրբեջանի ղեկավարության կողմից և, թերևս, հայերի հետ համանման ճակատագիր են ունեցել, ու եթե, այսպես կոչված, Ադրբեջանի առաջին հանրապետության ձևավորման ժամանակ նրանց թվաքանակը մոտ 10.000 էր, 1988-90թթ. իրադարձությունների ժամանակ միայն պաշտոնական տվյալներով թվաքանակով դարձավ 3800, իսկ իրականության մեջ նրանք պատանդի կարգավիճակով են գտնվում իրենց հարազատ գյուղերից մեկում, որտեղ 1500-2000 հոգի են»,- 168.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց ադրբեջանագետը՝ շեշտելով, որ մենք այստեղ ոչ թե բարեկամական ուդի ժողովրդի հետ գործ ունենք, այլ ադրբեջանական հատուկ ծրագրված քաղաքականության հետ:

«Ուդիները ժամանակին Անդրկովկասում եղել են 3-րդ խոշոր ժողովուրդը՝ հայերից ու վրացիներից հետո: Ուդին աղվանների ինքնանվանումն էր զարգացած միջնադարում, ունեցել են աղվանական գիր, որը նրանց համար ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, բայց հետագա տարիներին և՛ նրանք, և՛ աղվանաց եկեղեցին դարձավ հայ եկեղեցու անբաժանելի մաս, և վերջնական մաս դարձավ, կարելի է ասել, 8-րդ դարում: Ադրբեջանում մինչև 1937թ․ միայն .հայկական դպրոցներ էին գործում, և ուդիները հայերեն էին սովորում: Իրենց գերեզմանատներում, եկեղեցիներում, որտեղ որ խաչքարեր են դրված՝ անունները հայերեն են գրված, որը նրանք հիմա ջանասիրաբար ջնջում են՝ չմտածելով այն մասին, որ հենց իրենց նախնիների անուններն են ջնջում:

Ուզում եմ հիշեցնել մեր՝ որոշ չափով կատարած սխալի մասին. ինչպես 1918-20թթ., այնպես էլ՝ 1988-90թթ.: Ուդիները միջնորդավորված տարբեր խնդրագրեր են ուղարկել Հայաստանի Հանրապետություն, տարբեր բանագնացներ՝ խնդրանքով, որ թույլ տան տեղափոխվել Հայաստան, որովհետև այնտեղ իրենց հայերի տեղ են դնում: Պատճառն այն է, որ իրենց անուն-ազգանունները հայկական էին, և տարբերությունը միայն լեզվի մեջ էր, իրենց լեզուն պատկանում էր նախադաղստանյան լեզվաընտանիքի լեզգիական խմբին: Մենք փաստացիորեն մերժեցինք նրանց՝ ինչպես դարի սկզբին, այնպես էլ՝ 20-րդ դարի վերջին: Ուդիական պատվիրակությունը եկել էր նաև Տավուշի մարզ՝ Նոյեմբերյանի շրջկոմի քարտուղարի հետ հանդիպել և հարցրել են, թե կարո՞ղ են տեղափոխվել նախկին ադրբեջանաբնակ գյուղեր, որոնք արդեն լքված են, պատասխանել են, թե ոչ, մենք անգամ հայերի համար այստեղ տեղ չունենք, ուդիները ո՞վ են, ու այդպես նրանք ստիպված են եղել իրենց մեջ հայությունը անիծելով՝ վերադառնալ և փորձել գոյատևել: Նրանց որոշ մասն ապաստան գտավ Վրաստանի Զինոբիան գյուղում, որը հիմնել են ուդի փախստականները 1920 թվականին՝ փախչելով Ադրբեջանից դեպի Վրաստան, իսկ Հայաստանը նրանց չի ընդունել»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետի փոխանցմամբ՝ ուդիներն իրենց սեփական պատմության մասին որևէ տեղեկություն չունեն, ճնշող մեծամասնությունը սնվում է ադրբեջանական կեղծ պատմագրության նյութերով, որտեղ նշված է, թե հայերն են իրենց բոլոր ցավերի պատճառը: Ավելին՝ ներկայացված է իբր հայկական պատմամշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում, անգամ վերջերս նույնիսկ Էջմիածինը պատկանում է ուդի աղվաններին:

«Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Միխայիլի Սիլիկյանն ազգությամբ ուդի է, Սարգիս Կուկունյանցի ջոկատի մի մասը, որոնք թուրքերի դեմ են պայքարել, նույնպես ազգությամբ ուդի են եղել: Այնպես որ, չպետք է կուլ գնանք ալիևյան սադրանքին: Մենք պետք է շարունակենք աշխատել նաև ուդի ժողովրդի ներկայացուցիչների հետ և փորձել ուդիական սփյուռքի ձգողական կենտրոն ստեղծել, աշխատել նրանց ցույց տալ իրենց իրական պատմությունը: Հայաստանում մինչև 1500 էթնիկական ուդի է ապրում. ոչ բոլորն են ասում, որ նրանք ուդի են, բայց այդպես է»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս