«Կոչ եմ անում Նիկոլ փաշային՝ չմտնել Եռաբլուր, չպղծել մեր տղաների շիրիմները». զոհված զինծառայողի հայր

Քաղաքացիները, ի հիշատակ Արցախում զոհված հերոսների, ջահերով երթով քայլում են դեպի Եռաբլուր: Երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհ հրապարակից։

«Որոշումը մեր մեջ վաղուց է եղել՝ սգո օր հայտարարել, բայց մեր ապիկար իշխանությունը, դավադիր իշխանությունը՝ հանձինս Նիկոլ փաշայի, դավաճան, որոշել է 2.5 ամիս անց միայն հայտարարել սգո օր»,- երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը:

Միսակ Ավետիսյանը պատմեց, որ որդին գումարտակի հրամանատարի առաջին տեղակալն է եղել և մինչև վերջ կանգնել է զինվորի կողքին.

«25 տարեկան էր ընդամենը իմ տղան: Նա պրոֆեսիոնալ զինվորական էր: Մեր պետությունը կորցրեց մի պրոֆեսիոնալ զինվորականի, որն իր կյանքը նվիրել էր իր երկրի պաշտպանությանը»:

«Միասին 30 տարի առաջ հաղթահարեցինք այդ դժվարությունը, պաշտպանեցինք Արցախը, գրավեցինք մեր Արցախը թշնամուց՝ 2016 թվականին պաշտպանելով այն: Հիմա՝ մեր երեխաները տեսնելով իրենց ծնողների արածը, իրենց ծնողների կատարած սխրանքը, փորձեցին նույն կերպ վարվել, բայց այդ դավաճան ձեռքը, որը ստորագրեց, այդ դավադիրը ստորագրելով՝ մեզ հանձնեց թշնամու, այսպես ասած, հայեցողությանը, որ ինչ-որ կերպ ուզենա՝ նա մեզ հետ վարվի, ինչքան ուզի, այնքան պահանջի՝ ոչ միայն Արցախի հողերից, այլ նաև՝ Հայաստանի:

Այն մարդիկ, ովքեր կհետևեն դավաճան Նիկոլի խոսքին և ժամը 13։00-ին կշարժվեն արյունը դեռ չսառած մեր երեխաների շիրիմներին, ես նրանց խորհուրդ եմ տալիս ուշքի գալ, նրանք դեռ տաք են, նրանք դեռ չգիտեն՝ ինչ են արել: Օրը մենք սկսում ենք այսպես՝ սգո օրից մեկ օր շուտ, և դա է ճիշտը. մենք գնում ենք մեր երեխաների շիրիմներին, մենք գնում ենք սրբավայր, այնտեղ դավաճանի ոտքը չպիտի կպնի, երբե՛ք: Ես կոչ եմ անում Նիկոլ փաշային՝ չմտնել Եռաբլուր, չպղծել մեր տղաների շիրիմները. Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկություն ունի, միայն որպես կալանավոր պիտի այցելի Եռաբլուր, այլ ոչ թե՝ վարչապետ, ու ծնկաչոք՝ հատ-հատ մոտենալով ամեն մի գերեզմանին, ներողություն խնդրելով տվյալ զինվորից, տվյալ սպայից, տվյալ կամավորականից»,- նշեց Միսակ Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս