«Մեր սահմանների միջև հեռավորությունը մի քայլ է». Շիկահողի սահմանապահները հետ են քաշվել

Մինչև այսօր ժամը 17:00-ն Սյունիքի հայ սահմանապահներին ժամանակ էր տրվել՝ նահանջել զբաղեցրած դիրքերից, մինչև ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմանները, չնայած նրան, որ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ կողմերը պետք է կանգ առնեին այնտեղ, որտեղ ստորագրման պահին էին, իսկ այդ պահին հայկական զինված ուժերը համեմատաբար բարենպաստ դիրքերում էին: Երեկ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ նահանջի դեպքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը: 168.amը Կապան համայնքի՝ սահմանամերձ դարձած Շիկահող գյուղի ղեկավար Նարե Ղազարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սահմանապահներն իջել են իրենց դիրքերից:

«Այո, հետ քաշվեցին սահմանից, գտնվում ենք մեր սահմաններում: Առայժմ այսքանը, չգիտեմ՝ հետո ինչ կլինի»,- ասաց նա:

Երեկ և այսօր Սյունիքի անվտանգության երաշխիքներ ստանալու ակնկալիքով սյունեցիները ճանապարհներ էին փակել: Երեկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Նարե Ղազարյանի հարցին, թե ե՞րբ իրենց սահման կգա կանոնավոր զորք, պատասխանել էր՝ վաղը:

«Երեկ Սյունիքի մարզպետը խոստացավ, որ այսօր կբերի սահմանապահ զորք, ասեց՝ տենց ա ստացվում: Մինչև էսօր, մինչև էս պահը չկա, էլի գյուղացիների, քաղաքացիական անձանց հույսին են սահմանները: Չկարողացան գոնե անվտանգության հարց ապահովել այսքանից հետո: Չեզոք գոտու մասին խոսակցություն չկա: Իրենց ու մեր սահմանների մեջ ընդհանրապես հեռավորություն չկա, մեկ մետրի չափ է, այդքան էլ չէ, մի քայլ է»,- ասաց Նարե Ղազարյանը:

Մեր հարցին, թե թշնամին արդեն դիրքավորվե՞լ է, Շիկահողի գյուղապետի պատասխանը բացասական էր:

«Դեռ չեն եկել դիրքավորվել, երևի վերևից դիրքավորվելով գալիս են, առայժմ չեն հասել մեզ մոտ»:

Նարե Ղազարյանի խոսքով՝ շիկահողցիներն ամուր կանգնած են, սակայն միայն գյուղացիների պատրաստակամությունը բավարար չէ:

«Էլի ամուր կանգնած ենք, չենք հուսահատվում, պահելու ենք սահմանը, բայց ամեն դեպքում շատ վատ իրավիճակ է, էլի, սենց չի լինում, էսպիսի բան… Սա Շիկահողի սահմանը չի, Հայաստանի Հանրապետության սահմանն է, թողել են գյուղացու ու քաղաքացու հույսին, սա է իրականությունը, որը շատ դաժան է: Գյուղացիները թասիբով մարդիկ են, ի տարբերություն լիքը մարդկանց, լիքը պաշտոնյաների, որ մինչև այսօր չկարողացան գոնե անվտանգության հարց կարգավորել»,- ասաց Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս